Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները հաղթահարում են երկրում կորոնավիրուսի տարածումը
Ամերիկյան իշխանությունները հաղթահարում են նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության տարածումը, երկրում մահվան դեպքեր չեն գրանցվել: Երեքշաբթի համապատասխան գրառումն իր Twitter-յան էջում կատարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը ՀՎԿԿ-ի եւ իմ վարչակազմի մոտ գերազանց է ստացվում, ներառյալ աշխարհի որոշակի տարածաշրջանների համար մեր սահմանները չափազանց վաղ փակելը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ դեմոկրատները քննադատել էին այդ որոշումը՝ այն «չափից ավելի վաղ» անվանելով: «Պարզվեց, որ դա ճիշտ որոշում էր: Չնայած որքան էլ հաջող աշխատենք, դեմոկրատների փաստարկն այն է, որ մեր գործերի ընթացքը վատ է»,- կարծում է պետության ղեկավարը: «Եթե վիրուսը վաղն անհետանա, նրանք կասեն, որ մենք կատարել ենք շատ վատ եւ նույնիսկ ոչ բանիմաց աշխատանք: Արդարացի չէ, բայց ունենք այն, ինչ ունենք»,- հավելել է Թրամփը: «Ի դեպ, մեզ մոտ առայժմ չի գրանցվել մահվան ոչ մի դեպք: Թող որ այդպես էլ լինի»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից (ՀՎԿԿ), վերջին տեղեկություններով՝ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 57 դեպք: Վարակակիրների թվում են Diamond Princess զբոսաշրջային նավից 40 տարհանված ուղեւորները, որը ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ է, եւ Չինաստանից վերադարձած 3 մարդ: ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտնել էին վարակման 14 գրանցված դեպքի մասին:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 35 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում գրանցել են մահվան 2715 դեպք, առողջացել է ավելի քան 29,7 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 78 հազարից: