Ռոհանին կորոնավիրուսի վերաբերյալ առողջապահության նախարարության զեկույցը խոստումնալից է համարել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ առողջապահության նախարար Սաիդ Նամակիի կողմից ներկայացված զեկույցը «խոստումնալից է», հայտնում է Mehr-ը։
Ելույթ ունենալով Կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պրոֆիլակտիկայի ազգային գրասենյակի նիստում՝ Ռոհանին նշել է, որ «հաջորդ շաբաթվանից սկսած՝ ամեն ինչ կվերադառնա իր նորմալ վիճակին, եթե միայն գրասենյակը նոր որոշում չկայացնի հաստատությունները, ակադեմիական կենտրոնները եւ դպրոցները հատուկ դեպքերում փակելու մասին»։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին կորոնավիրուսի բռնկումը զսպելու համար։
Ռոհանին մահացու հիվանդության դեմ պայքարելու նպատակով առողջապահության նախարարության եւ պատասխանատու կազմակերպությունների հետ համագործակցելու կոչ է արել։
Նրա խոսքերով՝ երկրում բոլոր հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, «բացի այդ՝ ԻԻՀ ԶՈՒ-ն եւս խոստացել է մոբիլիզացնել իր բոլոր օբյեկտները վիրուսի դեմ պայքարի համար»։