ԵՄ երկրներն իրավունք ունեն կորոնավիրուսի պատճառով դադարեցնել Շենգենի գործողությունը
ԵՄ երկրներն իրավունք ունեն Շենգենյան օրենսգրքին համապատասխան դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սակայն Եվրահանձնաժողովի տեսանյունից ցանկացած նման գործողություն պետք է հիմնվի գիտական գնահատումների վրա եւ պետք է համակարգվի Եվրամիության մակարդակով»,- ասել է նա:
Եվրոպայում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Իտալիայում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 230-ը: Մահացել է 7 մարդ: Տեղի իշխանությունները խիստ կարանտինային նորմեր են մտցրել: