Ադրբեջանում տարակուսում են. ինչո՞ւ է Թուրքիան փակել Նախիջեւանի հետ սահմանը
Թուրքիան փակել է Նախիջեւանի հետ սահմանը, հաղորդում է haqqin.az-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ փակելով Իրանի հետ սահմանը, կորոնավիրուսի տարածման վտանգի պատրվակով Թուրքիան փակել է նաեւ Նախիջեւանի հետ սահմանը: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում եւ առավել եւս Նախիջեւանում կորոնավիրուսի որեւէ դեպք չի գրանցվել: Այս մասին նախօրեին պաշտոնապես հայտարարել է առողջապահության նախարարությունը: Տեղեկությունը հաստատել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ավելին, Թուրքիան տարհանել է Չինաստանից Թուրքիա մեկնած ադրբեջանցիներին, որոնց մեծ մասը ուսանողներ են եղել: Ադրբեջանի բոլոր տարհանված քաղաքացիները կարանտինի ժամանակ մնացել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքում: Նրանցից ոչ ոքի մուտ վիրուսը չի հայտնաբերվել:
Չնայած դրան՝ Թուրքիայում որոշել են փակել Նախիջեւանի հետ սահմանը: Փետրվարի 23-ին ժամը 17:00-ին սահմանափակումներն ուժի մեջ են մտել: «Մենք անհրաժեշտ տեղեկություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին: Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական անձինք կապի մեջ են եւ քննարկումներ են անցկացնում»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Միեւնույն ժամանակ, ինչպես haqqin.az-ին հայտնել են ականատեսները, Թուրքիայի հետ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանին սկսվել են մեծ թվով մարդիկ եւ բեռներ կուտակվել: Փաստացի Նախիջեւանն այժմ մեկ բաց սահման ունի Իրանի հետ, որտեղ էլ բռնկվել է կորոնավիրուսը:
Տեղեկացված աղբյուրները պարբերականին հայտնել են նաեւ, որ Թուրքիան փակել է Նախիջեւանի հետ սահմանին Դիլուջու սահմանային անցակետը առանց զգուշացման եւ քննարկումների: Այդ փաստը որոշակի տարակուսանք է առաջացնում Բաքվում՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ հարաբերությունների հատուկ բնույթն ու այն փաստը, որ փետրվարի 25-ին ակնկալվում է, որ Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եթե Էրդողանի անվտանգության ծառայությունների մոտ որեւէ մտավախություն չի առաջանում՝ կապված Ադրբեջան կայանալիք այցի հետ, ապա ո՞վ եւ ի՞նչ հիմքով է որոշել փակել սահմանը»,- հարց է ուղղում պարբերականը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանում տարակուսանքով են վերաբերվել Թուրքիայի անհիմն որոշմանը, որը հակասում է եղբայրական հարաբերությունների ոգուն: Մնում է հուսալ, որ դա թյուրիմացություն է, որը շուտով կհարթվի, եւ Թուրքիան կբացի Նախիջեւանի հետ սահմանը, որը առանց այդ էլ գտնվում է աշխարհագրական եւ տնտեսական մեկուսացման մեջ՝ եզրափակում է պարբերականը: