ԱՄՆ Կոնգրեսը 2.5 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Երկուշաբթի օրը ԱՄՆ վարչակազմը 2.5 միլիարդ դոլարի ֆինանսավորում տրամադրելու հայց է ուղղել Կոնգրեսին` նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ասված է Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ վարչակազմն այսօր [երկուշաբթի] 2.5 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղղել Կոնգրեսին` պատվաստանյութի մշակման արագացման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացման եւ անհրաժեշտ սարքավորումների եւ նյութերի ձեռքբերման համար»,- նշվում է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ, մոտ 1 միլիարդ դոլար կհատկացվի ուղղակիորեն պատվաստանյութի մշակման համար:
«Մենք նաեւ ազատում ենք առկա ռեսուրսները եւ ընդլայնում ենք արձագանքման [հիվանդությանը] հնարավորությունները»,- նշել են վարչությունում: Այս միջոցառումների համար Սպիտակ տունն առաջարկում է այս նպատակով ուղղել 1.3 միլիարդ դոլարի չափով չօգտագործված միջոցները, ինչպես նաեւ դրանց ավելացնել եւս 1.2 միլիարդ դոլար: Խոսքը, օրինակ, Էբոլա վիրուսից առաջացած հիվանդության դեմ պայքարի համար օրենսդիրների կողմից հատկացված գումարների մասին է:
Associated Press գործակալության փոխանցմամբ` վարչակազմի պաշտոնյաները երեքշաբթի օրը դռնփակ ճեպազրույց կանցկացնեն ամերիկացի սենատորների համար` խոսելու հիվանդության տարածման դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Չորեքշաբթի արդեն Ներկայացուցիչների պալատում տեղի կունենան բաց լսումներ Պետդեպարտամենտի եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ: