Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել
Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, հաղորդում է BBC-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել Կում քաղաքում 50 զոհի մասին: Տեղեկությունը տարածել է այդ քաղաքից պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին: Սակայն երկրի առողջապահության փոխնախարար Իրայ Հարիրչին հերքել է տեղեկություններն ու հայտնել, որ հրաժարական կտա, եթե այդ թվի նույնիսկ կեսը իրական է: Ընդ որում, Ֆարահանին շարունակում է պնդել, որ փոխնախարարին տրամադրել է 40 մահացածների անունները:
Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասնում է 61-ի, դրանցից 31-ը՝ Կումում, 13-ը՝ Թեհրանում, 6-ը՝ Գիլանում: Կումում որոշել են փակել դպրոցներն ու համալսարանները:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահվան ընդհանուր թիվը, ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների, հասել է 2628-ի: