Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (Լուսանկարներ)
Տավուշի մարզում, այսօր` փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 35 GD 855 համարանիշի եւ «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում մահացել է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետեւ՝ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկություների՝ «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է ՄԱԶ բեռնատարի մեջ, իսկ բեռնատարն օգտագործվում է նաեւ որպես վերամբարձ կռունկ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: