Թրամփը ժամանել է Հնդկաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հնդկաստան, որտեղ բանակցություններ է անցկացնելու երկրի ղեկավարության եւ տեղացի ձեռներեցների հետ, ինչպես նաեւ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկում ելույթ է ունենալու բազմահազարանոց լսարանի առջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թիվ մեկ օդանավը» տեղական ժամանակով 11:35-ի սահմաններում վայրէջք է կատարել Ահմադաբադի օդանավակայանում: ԱՄՆ նախագահի հետ միասին Հնդկաստան են եկել նրա կինը՝ Մելանյա Թրամփը եւ դուստրը՝ Իվանական:
Հնդկաստանը 24-րդ երկիրն է, որը Թրամփն այցելել է 3 տարի առաջ Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց ի վեր:
Կիրակի Ահմադաբադ էր եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Սպասվում է, որ նա Թրամփի հետ միասին կայցելի Սաբարմատի Աշրամ՝ Ահմադաբադում Սաբարմատ գետի ափին Գանդիի հիմնած առաջին աշրամը:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը եւ Հնդկաստանի վարչապետը մասնակցելու են Kem Chho, Trump միջոցառմանը, որն անցկացվելու է աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկում՝ «Սարդար Պատելում», ավելի քան 100 հազար մարդու մասնակցությամբ: Հուջարաթի լեզվից Kem Chho-ն կարելի է թարգմանել՝ «Ինչպե՞ս ես»: Ահմադաբադում անցկացվող արարողությունը յուրատիպ պատասխան է հնդկական համայնքի հետ Մոդիի հահնդիպմանը, որը տեղի էր ունեցել ԱՄՆ նրա անցյալ տարվա այցի ժամանակ՝ Howdy Modi («Ինչպե՞ս ես, Մոդի») անվանմամբ: Այդ ժամանակ NRG մարզադաշտ էր եկել ավելի քան 50 հազար մարդ: