Երևանում նշել են Բուն Բարեկենդանը (Տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ Երևանում շքերթ-տոնախմբությամբ նշվում է Բուն Բարեկենդանը։ Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը:
Ժամը 13:30-ին Բուն Բարեկենդանի տոնախմբությունը շքերթով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։
Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան.
թատերական ներկայացումներ
ազգագրական երգուպար
ծիսական ուտեստներ
ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք
ազգային խաղերի մրցումներ
մրցանակներ
Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն։