Մեգան Մարքլը հետաքրքրվում է Մալիբուում գտնվող 7 միլիոն արժողությամբ առանձնատնով (Լուսանկարներ)
38-ամյա դքսուհին եւ 35-ամյա դուքսը միայն ժամանակավորապես են հաստատվել Կանադայում: Նրանք մտադիր են բնակություն հաստատել ԱՄՆ-ում։
Նախկին դերասանուհին ցանկացել է բնակություն հաստատել Մալիբուի հեղինակավոր շրջանի փակ համայնքում: Մեգանը եւ Հարրին դիմել են իրենց ներկայացուցչին՝ տեղական ռիելթորի հետ, որպեսզի ուսումնասիրեն առաջարկները։
Ամուսինների շրջապատից հայտնել են, որ նրանք դիտարկում են իտալական Վերածննդի ոճով շքեղ առանձնատուն, որը վաճառքի է հանվել յոթ միլիոն դոլարով: Հարեւանությամբ ապրում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Մել Գիբսոնը, Դիկ վան Դայկը, Քեթլին Ջեները եւ այլ աստղեր:
Քեթլինը հաստատել է, որ Սասեքսի դուքսերն ապաստան են փնտրում իր համայնքում։ Նա աջակցություն է հայտնել ամուսիններին, որոնք որոշել են վայր դնել թագավորական լիազորությունները։ «Ես լսել եմ, որ Մալիբուում տուն են փնտրում։ Յուրաքանչյուր ոք երջանիկ լինելու իրավունք ունի: Հավանաբար, նրանց համար շատ դժվար էր։ Մեգանը բազմաթիվ հարվածներ է ստացել։ Արդեն բավական է», - նշել է Ջենները։
Նախկինում անշարժ գույքը պատկանել է երգիչ եւ դերասան Դեւիդ Չարվետին եւ նրա կնոջը՝ Բրուք Բերքին։ Տունը հսկայական է, այնտեղ երեք հարկ կա, կան ընդարձակ նկուղային տարածքներ, կան տաղավարներ, մարգագետիններ, մեծ կայանատեղի, այգի, թենիսի կորտ եւ երկու լողավազան, հաղորդում է The Sun-ը: