Իրանում ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հրապարակվել կիրակի
Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Սեեդ Էսմայիլ Մուսավին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում ներկայումս ընթանում է քվեների հաշվարկի գործընթացը, եւ հույս է հայտնել, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի, փոխանցում է Tasnim-ը:
«Ընտրական տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո արդյունքները կփոխանցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մենք հանրությանը կտեղեկացնենք յուրաքանչյուր ընտրատեղամասի արդյունքների մասին` ընտրությունների արդյունքների համաձայն»,- ասաց նա:
Մուսավին հույս է հայտնել, որ զգալի քանակությամբ ընտրատեղամասերի արդյունքները կհրապարակվեն շաբաթ օրը` նշելով, որ խոշոր քաղաքներում արդյունքները կհայտարարվեն կիրակի:
Նախօրեին Իրանում մեկնարկել էին խորհրդարանական ընտրությունները: Ավելի քան 290 պատգամավորական մանդատի համար պայքարում էր մոտ 7 հազար մարդ: Ընտրություններն անցկացվել են Իրանի 208 ընտրատեղամասերում:
29 միլիոն 39 հազար 152 ընտրողները տղամարդիկ են, իսկ 28 միլիոն 879 հազար եւ 6 մարդ` կանայք: Իրանի խորհրդարանում հինգ տեղ ամրագրված է կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Երկու տեղ պահված է Իրանում բնակվող էթնիկ հայերի համար, մեկական տեղ` երկրում ապրող ասորիների եւ հրեաների համար:
Սուննի պատգամավորների համար խորհրդարանում ներկայացվածության համար խոչընդոտներ չկան: Ներկայումս խորհրդարանում 24 սուննի ներկայացուցիչ կա:
Խորհրդարանի անդամներն ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ` 4 տարի ժամկետով: Իրանի նոր պառլամենտն իր աշխատանքները կսկսի 2020-ի մայիսի վերջին: