Ամերիկացի քաղաքական գործիչը Ռուսաստանին կոչ է արել չխառնվել ԱՄՆ նախագահական ընտրություններին
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը մեղադրել է Ռուսաստանին` իր քարոզարշավին աջակցել փորձերի համար եւ կոչ է արել «հեռու մնալ ԱՄՆ ընտրություններից», հայտնում է BBC News-ը:
Քալիֆորնիա նահանգի Բեյկերսֆիլդ քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ իրեն ավելի վաղ տեղեկացրել էին իր քարոզարշավին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին:
Ընդ որում, նա նշեց, որ անհասկանալի է, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում իրականացնել այդ միջամտությունը: «Մաքսիմալ պարզ լինենք. ռուսները ցանկանում են քանդել ամերիկյան ժողովրդավարությունը` բաժանելով մեզ, բայց, ի տարբերություն ներկայիս նախագահի, ես կտրականապես դեմ եմ նրանց եւ արտաքին ուժերի ցանկացած այլ փորձի, որոնք ցանկանում են միջամտել մեր ընտրություններին», - ասել է Սանդերսը:
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ մի շարք ամերիկացի օրենսդիրների հայտնել են Սանդերսին աջակցելու Ռուսաստանի փորձերի մասին:
Ընդ որում, ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Մոսկվան փորձում է միջամտել ընտրություններին` Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար: