Պուտինը մտահոգություն է հայտնել Էրդողանին Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսացրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել սիրիական Իդլիբում ծայրահեղականների ագրեսիվ գործողությունների կապակցությամբ:
«Ուշադրության կենտրոնում կրկին Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ձեւավորված իրավիճակն էր: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել ծայրահեղական խմբավորումների շարունակվող ագրեսիվ գործողությունների կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Շեշտադրվել է Սիրիական Արաբական Հանրապետության ինքնիշխանությունն եւ տարածքային ամբողջականությունն առանց նախապայմանների հարգելու անհրաժեշտությունը»:
Կողմերը նաեւ պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդակցությունները Իդլիբի հարցում, մասնավորապես, ռազմական կառույցների գծով:
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանն ընդգծել են Լիբիայի հարցով Բեռլինի միջազգային համաժողովի որոշումների հետեւողական իրագործման կարեւորությունը: