Ինձ համար մտավորականի կերպարը հենց Երվանդ Մանարյանն էր. Դավիթ Սանասարյան
Ինձ համար մտավորականի կերպարը հենց Երվանդ Մանարյանն էր։ Այս մասին ասյօր՝ փետրվարի 21–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանը, որը եւս մասնակցում էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը։
Նրա խոսքով՝ Մանարյանի մասին իր հիշողությունները վերաբերում են ոչ միայն նրա խաղացած դերերին, այլեւ նրա մարդ տեսակին ու քաղաքացիական կեցվածքին. «Մանկության հիշողություններ ունենք, որոնք կապված են վարպետի արվեստի հետ։ Նաեւ ունենք մեկ ուրիշ հիշողություն, որ վարպետը ժողովրդին երբեք մենակ չի թողել եւ միշտ իր խոսքը հանդարտ, բայց կարեւոր, ըմբոստ, բայց հանգստացնող խոսքը ժողովրդին ասելը։ Քիչ առաջ դա էի մտածում, թե վերջին շրջանում էլ ում ունեինք, չեմ կարողանում հիշել»։
Սանասարյանի խոսքով՝ վարպետը միշտ եղել է այնտեղ, որտեղ ժողովուրդը դժվարություններ է ունեցել։
«Սա մեծ դաս է մարդկանց համար, որոնք կարող են հավակնել Երվանդ Մանարյան լինել։ Ֆիլմերից եւ ներկայացումներից տարբեր դրվագներ կարող ենք հիշել, բայց ամենակարեւորն ու ուսուցողականը մարդ մնալն է, ամենակարեւորը։ Դերակատարումներում արվեստագետը նաեւ կարող է վատ դերեր տանել, դա չէ էական, էական այնն է, թե ինչ խորհուրդ է նա տվել իր ապրած կյանքով»,– եզրափակեց Դավիթ Սանասարյանը։