N95 շնչադիմակներ. Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում եւ կարելի՞ է արդյոք Հայաստանում ձեռք բերել
Այսօր Երեւանի փողոցներում եւ հասարակական տրանսպորտում կարելի է տեսնել բժշկական դիմակներով մեծ թվով մարդկանց. նրանք համոզված են, որ դիմակներն իրենց պաշտպանում են ՍՇՎ-ից վարակվելուց, հնարավոր է՝ նաեւ նոր կորոնավիրուսից, եթե այն Հայաստան թափանցի:
Վիրաբուժական սովորական դիմակը չի կարող ապահովել վիրուսներից անհրաժեշտ պաշտպանություն, նախազգուշացնում են մասնագետները: Չնայած եւ դրանք պաշտպանում են խոշոր կաթիլներից, գործնականում չեն ապահովում պաշտպանություն միկրոմասնիկներից: Դրանից բացի դեմքը կիպ չեն ծածկում, ինչը միկրոմասնիկներին եզրերից թափանցելու հնարավորություն է տալիս:
Այս բոլոր թերություններից գործնականում զերծ են N95 շնչադիմակները, որոնք զտում են միկրոմասնիկների մեծամասնությունը եւ դեմքը կիպ ծածկում են: Արտասահմանյան շատ մասնագետներ խորհուրդ են տալիս վիրուսներից պաշտպանվելու համար կրել հենց այդպիսի դիմակներ: Չինաստանում, հատկապես այն նահանգներում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն առաձնապես մեծ է, նույնպես խորհուրդ են տալիս տանից դուրս գալ միայն այդպիսի դիմակով: Հայաստանում, սակայն, N95 շնչադիմակներ գտնելը գրեթե անհնար է:
NEWS.am Medicine-ի թղթակիցը եղավ Երեւանի մեծ թվով դեղատներում՝ ինչպես խոշոր ցանցային, այնպես էլ փոքր: Դեղատների մեծ մասում, որքան էլ տարօրինակ է, աշխատակիցներն անգամ չէին լսել N95 շնչադիմակների մասին եւ չգիտեին, թե դա ինչ է: Որոշ աշխատակիցներ գիտեին այդ շնչադիմակների մասին, բայց նշում էին, որ հաճախորդները դրանց մասին գրեթե չեն հարցնում, փոխարենն ահռելի պահանջարկ ունեն սովորական վիրաբուժական դիմակները, որոնց պաշարները երեւանյան դեղատների մեծ մասում արդեն սպառվում է, եւ ոչ միայն այն պատճառով, որ դրանք վերջին շաբաթներին սկսել են ակտիվորեն գնել տեղացիները, այլ նաեւ այն պատճառով, որ դրանք նաեւ սկսել են ուղարկել Չինաստան, որտեղ դիմակներ արտադրող գործարանների մեծ մասը հիմա չի աշխատում, եւ սուր դեֆիցիտ կա:
Երեւանի միայն մեկ դեղատանը հաջողվեց գտնել N95 շնչադիմակ. սակայն այդպիսի մեկ դիմակն արժե 1100 դրամ (մինչդեռ սովորական վիրաբուժական դիմակներն արժեն մոտ 30-50 դրամ): Աշխատակիցների խոսքով՝ դեղատանը եղել է ընդամենը մոտ 10 այդպիսի շնչադիմակ:
Եվս մի քանի N95 շնչադիմակ հաջողվեց անսպասելիորեն գտնել մազերի խնամքի համար ապրանքների խանութում. վաճառողը խոստովանեց, որ այս դիմակները բերել են բավականին վաղուց՝ որոշելով, որ դրանք կարող են հետաքրքրել վարսահարդարներին, որոնց տհաճ են մազի ներկերի հոտը: Դիմակների պահանջարկը, սակայն, մեծ չէր:
NEWS.am Medicine-ի թղթակիցը կապ է հաստատել նաեւ բժշկական սարքավորումների մի քանի ներմուծողների հետ: Նրանցից եւ ոչ մեկը N95 շնչադիմակ չի ներմուծել, քանի որ, նրանց խոսքով, դրանք երբեւէ պահանջարկ չեն ունեցել: Իսկ, ահա, սովորական դիկակների ներկրման հարցում վերջերս շատերն են խնդիրներ ունեցել, քանի որ միջազգային շուկայում դիմակների գներն աճել են` արդեն վերը նշված պատճառներով:
Արդյո՞ք Հայաստանին պետք են N95 շնչադիմակները: Սովորական քաղաքացիների մեծ մասին` դժվար թե, գոնե` առայժմ, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք չի գրանցվել (իսկ կրել նման դիմակները սեզոնային գրիպից եւ ՍՇՎ-ից պաշտպանվելու համար իմաստ ունի): Սակայն նման դիմակները չափազանց օգտակար կլինեն այն բուժաշխատողների համար, ովքեր չափում են երկիր ժամանող մարդկանց ջերմաստիճանը սահմաններին. եթե կորոնավիրուսով հիվանդը ժամանի Հայաստան, ապա առաջինը վտանգված են հենց բուժաշխատողները: Այսօր նրանք բոլորն աշխատում են սովորական վիրաբուժական դիմակներով: