Եթե փող չեք տալիս, կգնամ ընկ. Մարգոյից կուզեմ. Ստյոպա Սաֆարյանը՝ դպրոցական տարիների մասին
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Operativ.am-ը պատրաստել է շարք՝ նվիրված հայտնի քաղաքական գործիչների և շոու-բիզնեսի ճանաչվածների սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես դպրոցական տարիներին: Մի խոսքով՝ «Երբ սեպտեմբեր եկավ...»: Իր դպրոցական տարների մասին Operativ.am-ի թղթակցին պատմում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Առաջին սեպտեմբերի1... Մանուկ հասակում ես շատ լավ արտասանում էի, նկարում, գրում: Ծնողներս նկատել են, որ բնությունն առատաձեռն է եղել իմ ընդունակությունների առումով: 4.5 տարեկանում արդեն հաճախել եմ դպրոց: Շատ փոքր եմ եղել, չեմ հիշում սեպտեմբերի մեկս: Հիշում եմ՝ որպես փոքր առաջին դասարանում ինձ որոշակի արտոնություններ են տվել, օրինակ՝ ուզածս պահին վեր կենալ և այլն, մինչդեռ սովետական դպրոցում ազատ տեղաշարժվելու հնարավորություն չկար…
Դպրոցական հիշողություններ. Հաճախ էի պայուսակս տանը մոռանում, քույրս կրկնակոխ հետևում էր ինձ, նույնիսկ երբեմն մոռանում էի դպրոցից տուն գալ, գնում էի լեռներ-սարեր, իսկ ծնողներս անհանգստանում էին: Մի օր էլ բարկացան. «Մենք այլևս քեզ փող չենք տա, որպեսզի դու ընդմիջում չանես և դասերից հետո ուղիղ տուն գաս»: Հերթական օրը ես հայրիկիցս գումար խնդրեցի՝ 20 կոպեկ, ասաց՝ չի տալու: Ես էլ ասեցի՝ չեք տալիս, չեք տալիս, ես էլ կգնամ, ընկ. Մարգոյից կուզեմ…Մայրս ամաչեց, գետինը մտավ. «Հո չես գնացել, ուզել»-հարցրեց նա: Անկեղծ ասած՝ չեմ հիշում դասատուիցս գումար խնդրել եմ, թե ոչ…
Առաջին տարին չգիտակցված էի դպրոց գնում:
Շփումը համադասարանցիների հետ. Ես ամենափոքրն էի, դպրոցս ավարտել եմ 16 տարեկանում, համալսարանում էլ մեր կուրսեցիների շրջանում ամենաերիտասարդն էի: Ուսանողների շրջանում մեկ-երկու տարիների տարբերությունը նկատելի է, քանի որ նրանք ավելի փորձառու են, իսկ դպորցում ՝ այնքան էլ չէ, չնայած իմ ընկերների հետաքրքրություններն ավելի առաջ էին, բայց կյանքը ստիպում էր ինձ «հասցնել» նրանց հետ:
Շփումը դասընկներների հետ առ այսօր. Ես ճակատագրին շնորհակալ եմ այդքան լավ դասընկերներ ունենալու համար: Մենք այնքան մտերիմ ենք, ինչպես արյունակից եղբայրներ: Ես, Գառնիկը, Գարիկը, Ռաֆայելը,Սպարտակը,Վահեն, Արմենը, Սամվելը և այլոք հարազատների պես ենք:
Բարեմաղթանքներ առաջին դասարանցիներին. Իմ բալիկը ևս այս տարի առաջին դասարան է գնալու, բոլոր-բոլոր բալիկներին մաղթում եմ երկար ճանապարհ, ապրեն խաղաղն երկրում, թող որ մեր երկիրը զարգացում ապրի, որ մեր բալիկները կարողանան լավ կրթություն ստանան, լավ մարդ դառնան և հասարակությանը պիտանի լինեն, իսկ մենք որպես ծնող նայենք և ուրախանանք:
Հայրիկի գացողությունները, ով դստերը ճանապարհում է դպրոց. Ես նրան նվիրել եմ գեղեցիկ մատիտների հավաքածու, որը գնել եմ Բեռլինից: Ուներ մի պայուսակ, բայց չգիտես ինչու չէր հավանում, և մենք նորը գնեցինք: Ամառվա ընթացքում, եթե նույնիսկ արտերկրում էի լինում, անպայման որևէ բան գնում էի և ինձ հետ բերում: Որպես պապա ՝ տեսաձայնագրիչն եմ պատրասոտւմ, որ վաղը հավերժացնեմ օրը:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը