Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ
Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին:
«Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել է նաև մի շարք համբավավոր նվագախմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ թատրոնի, Մարիինյան թատրոնի և այլ նվագախմբեր։
Անկեղծորեն ցավակցում եմ անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ուղերձում։