Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները»․ Փաշինյանը՝ զոհերի մասին
Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականին արձանագրվել է բանակում բոլոր պատճառներով զոհերի թվի առումով պատմական մինիմում, երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան անցած տարվա ընթացքում: 2020 թվականին ունեցել ենք 13 զոհ, բայց արձանագրենք, որ 13 զոհերից 5-ը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով են մահացել և տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք։ Հիվանդությունների հետ կապված խնդիրը կա, քանի որ առողջապահական համակարգը պիտի դարձնենք այնպիսին, որ ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցվեն զինծառայողներին ու հանրությանն ընդհանրապես»,-նշեց նա:
Վարչապետը շեշտեց՝ բանակում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
«Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման եւ մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով։ Սակայն բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմնական պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ արվի և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։
Իսկ թե ինչի հետ է կապված այս տարի խաղաղ պայմաններում զոհերի թվի քանակը, վարչապետը դա կապեց զինվորներին տրվող դրամական միջոցների աճի հետ․
«Երբ բանակում ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները», սա վարկած է, ուղղակի բարձրաձայնում եմ՝ ես եկել եմ այսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի, տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումով ենք ավելացրել զինվորների փողը, բայց, քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին որ ես հանձնարարել եմ, դրա համար էլ այդ ուղղության երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից»։