Մագադանում Ան-2 ինքնաթիռը ծանր վայրէջք է կատարել թռիչքի ժամանակ. կան տուժածներ
Մագադանի մարզային հիվանդանոցի բժիշկները, ուր տեղափոխվել են Ան-2 ինքնաթիռի վթարի հետեւանքով տուժած ուղեւորները, հինգ մարդու մոտ ողնաշարի կոտրվածքներ են ախտորոշել: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մագադանի մարզի առողջապահության եւ ժողովրդագրական քաղաքականության նախարար Սերգեյ Չեկանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հինգշաբթի առավոտյան Մագադանի օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո անձնակազմի 3 անդամներով եւ 11 ուղևորներով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ուղեւորները «Տ-ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցներն էին, որոնք թռչում էին Մագադանի մարզի Սրեդնեկանսկի շրջանի Սեյմչան գյուղ` աշխատանքի նպատակով: Տուժածներն օպերատիվ կերպով հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ փրկարարների նախնական տեղեկությունների` ընկնելու բարձրությունը մոտ 10 մ էր: Դատախազությունը հետաքննություն է սկսել օդանավի ընկնելու կապակցությամբ:
«Զննվել է 12 մարդ, հինգ մարդ հոսպիտալացվել է ողնաշարի կոտրվածքներով, եւս հինգը տուն է ուղարկվել ամբուլատոր բուժման համար եւ երկուսը զննման ընթացքում են: Տուժածների վիճակը միջին ծանրության է»,- հայտնել է նախարարը եւ հավելել, որ մարդը, որի վիճակը սկզբում գնահատվում էր ծանր, այժմ կայուն վիճակում է: Ըստ բժիշկների վերջնական եզրակացության` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մագադանի մարզի փոխվարչապետ Դմիտրի Կոսովը լրագրողներին հայտնել է, որ վթարի պատճառն անհայտ է: Ներկայումս դա պարզելու աշխատանքներ են տարվում:
«Երկու օդաչուներին կուղարկեն զննություն անցնելու: Հետազոտողների հետագա աշխատանքը ցույց կտա, թե պատահարն ինչու է տեղի ունեցել: Պատահարը հետաքննող կոմիտեն վթարի պատճառը ստույգ պարզելու բոլոր մեխանիզմներն ունի»,- ասել է Կոսովը:
«Տ-ցեմենտ» ընկերությունը, որին պատկանում է ինքնաթիռը, զբաղվում է ոսկու արդյունահանմամբ եւ Մագադանի մարզում ու Յակուտիայում երկրաբանա-հետախուզական աշխատանքներ է իրականացնում: Ընկերությունն ինքնուրույն է իրականացնում հանքավայրերի յուրացման աշխատանքների ամբողջ համալիրը՝ հետախուզական աշխատանքներից մինչեւ շինարարություն եւ շահագործում:
«Մագադան-13» օդանավակայանը բացվել է 1940 թվականին եւ այդ տարիներին Մագադանի մարզի տարածքում բազային օդանավակայան էր: «Սոկոլ» օդանավակայանի կառուցումից եւ բացումից հետո «Մագադան-13»-ը սկսեց սպասարկել տեղական, ծառայողական եւ չարթերային կանոնավոր չվերթները: Թռիչքուղին մոտ 1450 մետր է, ծածկույթը գրունտային է: