Էրդողանը հայտնել է Իդլիբում գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին
Թուրքիան առայժմ չի ստացել սիրիական Իդլիբի հարցով ՌԴ-ի հետ բանակցությունների իրեն գոհացնող արդյունք եւ պատրաստ է այս շրջանում ռազմական գործողություն սկսելուն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանակցությունների առաջին փուլը կայացել է անցյալ շաբաթ Անկարայում՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լարվածության էսկալացիայի խորապատկերին: Բանակցությունների երկրորդ փուլն անցկացվել է երկուշաբթի եւ երեքշաբթի Մոսկվայում: Ռուսական միջգերատեսչական պատվիրակության կազմում էին ՌԴ նախագահի սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը գլխավորում էր երկրի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը:
«Եթե երկրները, որոնց հետ բանակցություններ ենք վարում, չանեն այն, ինչն անհրաժեշտ է, ապա մենք ինքներս դա կանենք: Մենք առայժմ չենք ստացել բանակցությունների արդյունք, որը մեզ կգոհացներ: Մենք լիովին պատրաստ ենք Իդլիբում սեփական գործողությանը, սա սոսկ ժամանակի հարց է, այն կարող ենք սկսել ցանկացած պահի, սա մեզ համար կենսականորեն կարեւոր գործողություն է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ:
Նա հավելել է, որ Իդլիբում Թուրքիայի հնարավոր գործողությունները հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Մենք Իդլիբը չենք թողնի ռեժիմին, նա դեռեւս չի հասկանում մեր վճռականությունը: Մենք վճռականորեն ենք տրամադրված Իդլիբն ամեն գնով վերածելու անվտանգ վայրի թե՛ խաղաղ բնակիչների համար, թե՛ Թուրքիայի»,- ասել է Էրդողանը: