Միլիարդատերը նկարչին 3 մլն դոլար է տվել մասշտաբային նախագծի համար (Լուսանկարներ)
Առցանց խաղեր մշակող ընկերության հիմնադիր միլիարդատեր Մարկ Փինկուսը 3 մլն դոլար է նվիրել նկարիչ Ջեյմս Թարելլին՝ ԱՄՆ Արիզոնա նահանգի հյուսիսում իր մասշտաբային «Ռոդենի խառնարանը» ավարտելու համար, հայտնում է Los Angeles Times-ը:
Ավելի քան 40 տարի առաջ (1977 թվականին) Թարելլը սկսել է հանգած հրաբուխը վերածել աստղադիտարանի: Նկարչի մտահղացմամբ՝ այնտեղ կարելի է երկնային լուսատուներին հետեւել «անզեն աչքով»: Նա կարծում է, որ նախագիծն ավարտին մոտ է եւ հանրության համար կբացվի առաջիկա 5 տարում:
Փինկուսի նվիրատվության մասին հայտարարել է Ռասե պատկերասրահի գործադիր տնօրեն Մարկ Գլիմչերը Լոս Անջելեսում «Ֆրիզ» արվեստի տոնավաճառում նկարչի աշխատանքների վահանակի մոտ:
Ընդ որում՝ Թարելլն ինքը չի մասնակցել, բայց The Times պարբերականին նամակ է ուղարկել. «Մարկի աջակցությունն անչափ ժամանակին էր: Նախագիծը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Նրա միջոցները հետագա զարգացման խթան կդառնան»:
Դրամահավաք է հայտարարվել ոչ միայն նախագիծն ավարտելու, այլեւ գործառնական վիճակով նոր օբյեկտի պահպանման համար: Նկարիչն ինքը այնտեղ էքսկուրսիա է անցկացնում յուրաքանչյուր մարդու համար 6500 դոլարով: Արիզոնայի համալսարանը խոստացել է Թարելլին օգնել հավաքել 200 մլն դոլար: Անցյալ տարի Քանյե Ուեսթը նրան նվիրաբերել էր 10 մլն դոլար:
Փինկուսը «Ռոդենի խառնարան» է այցելել մեկ շաբաթ առաջ եւ նրան սաստիկ տպավորել է այն, որ այս նախագծում խաչվել են գիտությունը, բնությունը եւ արվեստը. «Ինձ սարսափելի ուրախացնում են չափազանց շատ բաներ: Ինձ թվում է, որ խառնարանը նման է ժամանակակից բուրգի: Հավակնություններն ու մասշտաբայնությունը վկայում են այն մասին, որ շատ սերունդներ անց մարդիկ դրանից կօգտվեն ու կզարմանան»: