Լրանում է Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության հերթական տարելիցը
Լրանում է Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության հերթական տարելիցը:
2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը, որն անգլերենի դասընթացի էր մասնակցում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:
Հրեշավոր հանցագործությունը տեղի էր ունեցել Եվրոպայի կենտրոնում, որտեղ երկու սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթաց էին անցնում:
Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Դատավճիռը հրապարակվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին:
2008 թվականին այցով Երեւանում գտնվող այդ ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարար Կինգա Հենցը պատասխանելով Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորության մասին հարցին՝ նշել էր, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ էր եւ ցնցում: Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը անչափ լրջորեն են քննարկվելու: Ամենագլխավոր հարցը հետեւյալն է՝ Սաֆարովն արդյոք Ադրբեջանում կկրելո՞ւ է ցմահ բանտարկությունը, թե՞ ոչ»,- հայտարարել էր հունգարացի նախարարը:
Սակայն մի քանի տարի հետո այս երկրի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ գործարքի գնացին. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անմիջապես ազատվեց եւ հերոսի կոչման արժանացավ: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: