Թրամփի այցի նախաշեմին Հնդկաստանի իշխանությունները պատ են կառուցել, որպեսզի թաքցնեն հետնախորշերը
Կես կիլոմետրանոց աղյուսե պատ են հապշտապ կառուցել հնդկական Գուջարատ նահանգում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին, ընդ որում քննադատները վստահեցնում են, որ այն կառուցվել է, որպեսզի փակի հետնախորշերի տեսարանը, որտեղ ավելի քան 2000 մարդ է ապրում, հայտնում է AP-ը։
Հաջորդ շաբաթ Հնդկաստան իր երկօրյա այցի ընթացքում Թրամփը կայցելի Ահմեդաբադ քաղաք, որպեսզի կրիկետի խաղահրապարակում մասնակցի «Ողջույն, Թրամփ» անվանումով միջոցառմանը։ Նա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ուղեկցությամբ պետք է անցնի հետնախորշերի կողքով։
Կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Բիջալ Պատելը հայտարարել է, որ պատը կառուցվել է «անվտանգության նպատակներով», ոչ թե հետնախորշերը թաքցնելու համար։ «Բացի այդ, պատը նաեւ բարեկարգման ու մաքրության համար նախագիծ է»,- ասել է նա։
Սակայն որոշ քաղաքական գործիչներ քննադատել են պատի կառուցումը՝ կասկածի տակ դնելով Մոդիի աշխատանքը իր սեփական նահանգում, որտեղ նա մինչ 2014թ․ մայիսին վարչապետ դառնալը 12 տարի գլխավոր նախարար է եղել։
Երկուշաբթի օրը իշխանությունները նաեւ տարհանման ծանուցումներ են ուղարկել կրիկետի խաղահրապարակի մոտ հետնախորշերում ապրող 45 ընտանիքների։
Թրամփն այցով Հնդկաստան կժամանի փետրվարի 24-25-ը։ Նրա այցն ուղղված է առեւտրային վեճերից հարաբերությունների լարվածության թուլացմանը։
Առեւտրային լարվածությունը երկու երկրների միջեւ սրվել էր այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը տուրքեր էր սահամանել Հնդկաստանից ներկրվող պողպատի եւ ալյումինի համար։
Հնդկաստանը դրան պատասխանել էր գյուղատնտեսական ապրանքների ավելի բարձր տուրքերով եւ ԱՄՆ-ից բժշկական սարքավորումների ներկրման սահմանափակմամբ, ինչը պատճառ էր դարձել, որ ԱՄՆ-ը պատասխան քայլեր կատարի եւ հանի Հնդկաստանին արտոնյալ առեւտրի ծրագրից։