Ադրբեջանի նախագահը Մյունխենի հանդիպումն օգտագործեց ընտրությունների արդյունքներից ուշադրությունը շեղելու համար. փորձագետ
Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ուղղված էին ինչպես ներքին լսարանին՝ ընտրությունների արդյունքներից ուշադրությունը շեղելու համար, այնպես էլ հայկական լսարանին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ միջազգային հանրությունն իր վրա է վերցրել բանավեճ կազմակերպելու գործառույթը մի մարդու հետ, որն իր երկրում խայտառակ ընտրություններ է անցկացրել: Նա հավելեց, որ հայկական լսարանին Ալիեւը փորձեց ապատեղեկատվություն հասցնել Խոջալուի իրադարձությունների մասին: «Այդ ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցություններ վարել, եւ «միկրոհեղափոխություններով» դժվար է Ալիեւին համոզել: Դատելով Ադրբեջանի դիրքորոշումից՝ կարելի է պատրաստվել վատագույնին, մեծ պատերազմին: «Միկրոհեղափոխության» էությունը մեզ համար պետք է լինի Երեւանի նախաձեռնողականությունը, քանի որ որեւէ փոխզիջում չի լուծի խնդիրը: Ղարաբաղի համար տարածքները ոչ միայն անվտանգություն են, այլ նաեւ կենսական կարեւորություն ունեցող տարածք»,- ասաց փորձագետը:
Գրիգորի Այվազյանը պարզաբանեց, որ միջազգային դատարանը, որի մասին խոսվեց հանդիպման ժամանակ, իրականում ձեռնտու չէ Բաքվին, քանի որ Ալիեւը խոսեց հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ձգտման մասին: «Հայաստանը կարող էր օգտվել դրանից եւ իր փաստարկները ներկայացնել: Սակայն դրա համար առաջին հերթին պետք է ձեւավորել Ադրբեջանի հարցերով վերլուծական կենտրոններ: Բացի այդ, նման մակարդակով աշխատանքը կօգնի ավելի լավ պատրաստվել նման հանդիպումներին»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանավեճ տեղի ունեցավ: