Մեհրիբան Ալիեւայի` իշխանության գալուց հետո Բաքուն ավելի կոշտ քաղաքականություն կվարի Ղարաբաղի հարցում. փորձագետ
Իշխանության գալով` Մեհրիբան Ալիեւան ավելի կոշտ քաղաքականություն կվարի Ղարաբաղի հարցում, քան` իր ամուսինը: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջան հայերի վեհաժողովի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Ըստ նրա` Իլհամ Ալիեւը, փաստորեն, ամրապնդել է իր դիրքերը իր կնոջ հնարավոր իշխանափոխության կապակցությամբ, ինչը չի կարող առանց ցնցումների տեղի ունենալ, քանի որ ադրբեջանական վերնախավը պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացմանը: «Դա պայմանավորված է նրանով, որ շատերն իրենց ավելի արժանի թեկնածու են համարում, քան Մեհրիբան Ալիեւան է: Բացի այդ, մահմեդական երկրի համար կին առաջնորդն անընդունելի տարբերակ է: Նման անկայունությունը կարող է ձեռնտու լինել մեզ համար, բայց, մյուս կողմից, ադրբեջանական էլիտան պատրաստ է շեղել բնակչությունը սրացմամբ ղարաբաղյան ուղղությամբ»,- նշեց նա:
Այվազյանը հավելեց, որ եթե ինչ-որ հրաշքով ընդդիմությունը գա իշխանության` ի դեմս Ժողովրդական ճակատի, որը կազմակերպել էր հայերի ջարդերն Ադրբեջանում, ապա դա ամենասարսափելի տարբերակը կդառնա: «Ամեն դեպքում, պետք չէ սպասել մի իրավիճակի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի կանանց միջեւ շփում կամ այլ մարդասիրական նախաձեռնություններ տեղի կունենան», - շեշտեց նա:
Փորձագետը կարծում է, որ հայկական կողմը պետք է աշխատի Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հետ եւ ձգտի նպաստել ֆեդերացիայում Ադրբեջանի քաղաքական համակարգի բարեփոխման միջազգային օրակարգի առաջխաղացմանը: «Հայաստանի իշխանությունները պետք է Իրանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ տանեն թալիշների հետ եւ Ռուսաստանի հետ միասին աշխատեն լեզգինների հետ», - եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի մասին: Ընդ որում, ընտրողների մասնակցության ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել` 48 տոկոսից քիչ: Ընդդիմությունը հայտարարել է զանգվածային կեղծիքների մասին: Եվրոպացի դիտորդներն անցած ընտրությունները ճանաչել են որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող: