Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ԱՄԷ-ին երկրում քաոս ստեղծելու փորձի մեջ է մեղադրել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Արաբական Միացյալ Էմիրություններին Թուրքիային սաբոտաժի ենթարկելու եւ երկրում քաոս ստեղծելու փորձերի մեջ է մեղադրել։
«Աբու Դաբին ձգտում է անկարգություններ հրահրել, որպեսզի սաբոտաժի ենթարկի Թուրքիային»,- «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է թուրք նախարարը։
Սոյլուն նաեւ նշել է, որ պաղեստինյան ՖԱԹՀ շարժման նախկին առաջնորդ Մոհամմեդ Դահլանը, որն այժմ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Զաիդի խորհրդականն է, «մի մարդ է, որը ձգտում է անկարգություն ստեղծել, եւ մենք նրան ահաբեկիչ ենք համարում»։
Ավելի վաղ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրել էր 2016թ․ երկրում չհաջողված պետական հեղաշրջման աջակցության համար 3 մլրդ դոլար տրամադրելու մեջ։
Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիան Դահլանի ձերբակալության «կարմիր օրդեր» էր տվել՝ հեղաշրջման փորձի մեջ նրա դերի համար՝ խոստանալով պարգեւատրել նրանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն նրա ձերբակալությանը օգնելու համար։
Թուրքական TRT հեռուստաալիքը, հղում կատարելով անհայտ աղբյուրներին, հայտարարել է, որ թուրքական իշխանությունները Դահլանի ձերբակալության կամ ձերբակալությանը նպաստելու համար 700 000 դոլար են տրամադրել։