Թրամփը պահանջեց ոչնչացնել Բեն Լադենի որդուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ավելի էական սպառնալիքների առկայությանը, երկրի հետախուզական ծառայություններից պահանջել է վերացնել ահաբեկիչ Ուսամա բեն Լադեն Համզայի կրտսեր որդուն: Այս մասին հաղորդում է NBC-ն` վկայակոչելով ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակցին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով` Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին ամերիկյան հետախուզական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները Սպիտակ տան ղեկավարին ներկայացրել են Միացյալ Նահանգների համար ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակը, որոնց որոնման եւ վերացման նպատակով մեծ ուժեր են ներգրավվել: Դրանց թվում, ինչպես նշում է հեռուստաընկերությունը, եղել է նաեւ «Արաբական թերակղզում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Քասիմ ալ-Ռայմին, որը սպանվեց հունվարի վերջին Եմենում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում, ինչպես նաեւ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը ոչնչացվեց 2019 թվականի հոկտեմբերի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում:
Չնայած նման լուրջ սպառնալիքների առկայությանը` Թրամփը հատուկ ծառայություններից նախեւառաջ պահանջել է վերացնել Համզա բեն Լադենին, որը, ըստ NBC-ի, շատ ավելի քիչ հեղինակություն ուներ, ավելի քիչ վտանգ էր ներկայացնում եւ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, հարձակումներ չէր ծրագրում: «Ես երբեք չեմ լսել այդ մարդկանց մասին: Ի՞նչ կասեք Համզա բեն Լադենի մասին», - ԱՄՆ առաջնորդին մեջբերում է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: Հաղորդվում է, որ Սպիտակ տան ղեկավարն ԱՄՆ-ի համար վտանգավոր ահաբեկիչների վերացման վերաբերյալ որոշումը կայացնելիս առաջնորդվել է բացառապես նրանով` գիտի նրանց անուններով, թե` ոչ:
2019-ի սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածաշրջանում իրականացված ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում: Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր այն մասին, որ նա կարող էր վերացված լինել օպերացիայի ընթացքում, որն իրականացվել էր վերջին երկու տարում` Թրամփի վարչակազմի օրոք: Ընդ որում, կոնկրետ ամսաթիվ չի նշվում: