«Սպիտակցի Հայկո»-ի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
«Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի վերաբերյալ, մի քանի օր առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս լուրը հաստատել է Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը։
Նրա փաստաբանը հայտնեց, որ մահն առաջին մեքենայի հարվածի հետեւանքով է եղել։
Նշենք որ Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ եւս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը: