Հասմիկ Շիրոյանը՝ Էմոցիոնալ շոկի և ԱՄՆ-ում նոր կյանք սկսելու մասին (Տեսանյութ)
Երգչուհի Հասմիկ Շիրոյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերին մասնակցությունից, տեւական ժամանակ է՝ բնակվում է Լոս Անջելեսում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ուկրաինաբնակ երգչուհին խոստովանել է, որ ԱՄՆ տեղափոխվել է էմոցիոնալ ընկճված վիճակում, սակայն այնտեղ վերագտել է իրեն երաժշտության մեջ եւ արդեն հասցրել գրանցել համագործակցություններ այնպիսի հեղինակների եւ պրոդյուսերների հետ, որոնք հայտնի են Քրիստինա Ագիլերայի եւ Քրիս Բրաունի հետ իրենց աշխատանքներով: Իր «նոր կյանքի» մանրամասները Հասմիկը բացահայտել է մեր նոր հարցազրույցում:
Հասմիկ, ինստագրամյան հրապարակումներիցդ պարզ է դառնում, որ տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում ես. ինչո՞վ ես այդտեղ զբաղված:
Ինձ դուր է գալիս այստեղի մթնոլորտը, ազատությունն ինձ ոգեշնչում է եւ կարծես՝ ավելի եմ բացվել այստեղ բնակվելուս ժամանակահատվածում: Այստեղ հիմնականում երաժշտությամբ եմ զբաղվում, արդեն 3-րդ սինգլս եմ թողարկում ԱՄՆ-ում, այն կոչվում է Yes: Երգն ինձ համար շատ յուրահատուկ է: Այն տեսահոլովակով ներկայացրել եմ փետրվարի 14-ին՝ սիրահարների օրը: Չնայած վաղուց եմ երաժշտական ոլորտում՝ սա իմ առաջին տեսահոլովակն է: Իսկ երգը շատ բան է պատմում իմ անձնականի մասին, իմ ապրումների ե ներկայիս հարաբերությունների մասին: Այն հեղինակել ենք ես, երգչուհի եւ երգահան Կուպեր Ֆիլիպը եւ Քրիստա Յանգսը, որը աշխատել է նաեւ Քրիստինա Ագիլերայի, կորեական BTS խմբի եւ շատ այլ արտիստների հետ: Համագործակցել եմ նաեւ երաժշտական պրոդյուսեր PK-ի հետ, որն արել է Քրիս Բրաունի Fine China երգի պրոդյուսինգը: Տեսահոլովակը նկարահանել են շատ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ օպերատորներ եւ լուսանկարիչներ: Ուրախ եմ, որ կարող եմ երկրպագուներիս ներկայանալ նոր տեսակով, ցույց տալ ինձ այլ կողմով՝ ավելի մտերմիկ տեսանկյունից:
Նշեցիր հայտնի պրոդյուսերների եւ հեղինակների հետ համագործակցությունների մասին. առհասարակ, ԱՄՆ-ն շա՞տ հնարավորություններ է բացել քո առաջ:
Օ, այո: Այստեղ ամեն քայլափոխին կողքովդ մի որեւէ հայտնի պրոդյուսեր կամ արտիստ է անցնում: Եվ, այո, այս երկրում ամեն ինչ հնարավոր է. մի օր կարող ես, ուղղակի, հայտնի արթնանալ: Դե, բնական է՝ մինչեւ այդ «մեկ օրը» մեծ աշխատանք պետք է տանես՝ ավելի շատ, քան այլ երկներում: Բայց ինձ մոտ դա միայն ազարտ է արթնացնում: Այստեղ այն երաժշտությունն է, որը ես սիրում եմ, ես այս երկիրը ոչ միայն լայն հնարավորությունների համար եմ սիրում, այլեւ ազատության եւ այն բանի համար, որ ինձ իմ ափսեում եմ զգում:
«Դեպի Եվրատեսիլ»-ից հետո, կարծես, այլ մրցույթների չես մասնակցել: Այլեւս ցանկություն չունե՞ս ուժերդ փորձել միջազգային հարթակներում:
Այո, ճիշտ է՝ նախագծից հետո այլ մրցույթների չեմ մասնակցել: Պատճառն այն է, որ մի պահ եկավ, որ հասկացա՝ շատ-շատ էներգիա եմ ծախսում մրցույթներում: Իսկ արվեստի էությունը ինչ-որ մեկին ինչ-որ բաներ ապացուցելու մեջ չէ, հատկապես՝ «Եվրատեսիլ»-ում: Այն գեղեցիկ շոու է, բայց հեռու է արվեստից ու ազատությունից: Ինձ մինչ օրս երկրպագուներս հարցնում են, թե ինչու ուժերս չեմ փորձում երրորդ անգամ: Պատասխանը շատ պարզ է՝ սկսել եմ ստեղծագործել, ու ուզում եմ, որ արվեստն ինձ տանի դեպի հեռուստատեսություն, ոչ թե հակառակը:
ԱՄՆ-ում մշտական բնակությա՞ն ես մեկնել, թե՞ վերադառնալու ես Կիեւ:
Դեռեւս ամբոջովին ընկղմված եմ երաժշտության մեջ, իսկ Լոս Անջելեսն ինձ ոգեշնչում է: Այնպես որ՝ մոտ ապագայում դեռ այստեղ կլինեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: