Երևանում վրաերթի են ենթարկվել փողոցի չթույլատրված հատվածով անցնող 2 հետիոտն. մահացածը հայտնաբերվել է մեքենայի տանիքին (Լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Վրաերթի ենթարկվածներից մեկին, որը տեղում մահացել է, հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքի վրա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց հիվանդանոց: Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվեց սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: