Հայաստանում որքա՞ն ծխող դեռահաս կա
Այսօրվա դրությամբ ծխում է Հայաստանի բնակչության շուրջ 27 տոկոսը: Ընդ որում՝ տղամարդկանց շրջանում ծխողներն ավելի շատ են, քան կանանց շրջանում. ծխում է 15-ից մինչեւ 65 տարեկան յուրաքանչյուր երկրորդ տղամարդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը, որը մասնակցել է նոր օրինագծի մշակմանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ծխող դեռահասների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ նրանք կազմում են գրեթե 7-8 տոկոս: Սակայն արժե հաշվի առնել, որ շատ դեռահասներ չեն խոստովանում, որ ծխում են, անգամ եթե հարցումն անանուն է:
Հոգեբան Աննա Բադալյանն իր հերթին նշեց, որ շատերը սկսում են ծխել հենց դեռահաս տարիքում. շատ դեռահասներ կարծում են, որ ծխախոտի շնորհիվ ավելի մեծ եւ «լուրջ» կերեւան, մյուսները հետեւում են իրենց ծխող կուռքերին, երրորդները դա անում են ի հեճուկս ծնողների, որոնք ասում են, որ չի կարելի ծխել:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը:
Օրենքը մի շարք սահմանափակումներ է մտցնում, որոնք բխում են ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների շահերից. այսպես՝ ծխելը կարգելվի հանրային վայրերում (իհարկե, արգելքը ուժի մեջ կմտնի ոչ միանգամից, այլ միայն 2 տարի հետп), ինչը քաղաքացիներին կպաշտպանի ծխախոտի ծխի ազդեցությունից, կարգելվի նաեւ ծխախոտային արտադրանքի ցուցադրումը եւ ցանկացած ձեւով դրա գովազդումը, որ ծխախոտնները չգրավեն երիտասարդների հայացքները: