Բոնդապատումի համար Բիլլի Այլիշի երգն 8 ժամում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել (Տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի այն երգի տեսահոլովակը, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, ութ ժամվա ընթացքում դիտել է ավելի քան երեք միլիոն մարդ: Այդ մասին վկայում են YouTube տեսահոսթինգի տվյալները:
Այն մասին, որ 18-ամյա Այլիշը կատարելու է ֆրանշիզայի հերթական սերիայի գլխավոր երգը, հայտնի է դարձել հունվարի կեսին: Երգչուհին ամենաերիտասարդ կատարողն է դարձել «բոնդապատումի» ողջ պատմության ընթացքում:
Ավելի վաղ 007 գործակալի արկածների վերաբերյալ ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան եւ Պոլ Մաքքարթնին: Լույս փետրվարի 14-ի գիշերը մոտավորապես չորս րոպե տեւողությամբ բալլադը պաշտոնապես զետեղվել է YouTube տեսածառայությունում եւ այլ հարթակներում:
Սպասվում է, որ երգի առաջին համերգային կատարումը կկայանա փետրվարի 18-ին Լոնդոնում Brit Awards-ի արարողությանը: Բիլլի Այլիշը հայտնի է դարձել 2016 թվականի իր Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկվելուց հետո: 2020 թվականին երգչուհին դարձել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի հաղթահերոսը՝ շահելով չորս գլխավոր անվանակարգերը՝ «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Տարվա ձայնագրություն» եւ «Լավագույն նոր կատարող», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: