Google-ը սխալմամբ հրապարակել է Android 11-ը
Google-ի կայքում հայտնվել է տեղեկատվություն Android 11-ի մասին: Սխալմամբ ներկայացված էջին, որում նոր օպերացիոն համակարգն էր, ուշադրություն է դարձրել Android Police-ը, հաղորդում է Lenta-ն:
Նոր օպերացիոն համակարգով էջը հայտնվել է հավելվածների ծրագրավորողների համար բաժնում: Դրանում հիշատակվել է Android 11-ը եւ եղել է տեխնիկական փաստաթղթերի հղում: Էջում հաղորդվել է, որ համակարգի հերթական տարբերակում ի հայտ կգան գաղտնիության նոր կարգավորումներ, ինչպես նաեւ կթարմացվեն Android-ում ներկառուցված API-ը:
Լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ հրապարակումից մի քանի րոպե անց էջն անհետացել է Google-ից: Նրանց կարծիքով՝ ընկերության աշխատակիցը նախատեսված ժամանակից շուտ սխալմամբ հրապարակել է Android 11-ի մասին տեղեկատվությունը:
Պարբերականի հաղորդմամբ՝ Android 11-ի հրապարակումը կարող է նշանակել, որ ծրագրավորողների համար օպերացիոն համակարգի թողարկումը կարող է տեղի ունենալ առաջիկայում, ոչ թե մարտի վերջին, ինչպես ավելի վաղ ակնկալվում էր: Android Police-ը պահանջել էր մեկնաբանություն Google-ից, սակայն չէր կարողացել ստանալ օպերատիվ պատասխան:
Android օպերացիոն համակարգի նոր տարբերակների հրապարակումն ավանդաբար տեղի է ունենում Google I/O միջոցառման ընթացքում: 2020 թվականին ծրագրավորողների համար ավանդական դարձած համաժողովը կկայանա մայիսի 12-14-ը: Լրագրողների վարկածով՝ այս անգամ ընկերությունը կներկայացնի ոչ միայն օպերացիոն համակարգի հերթական բջջային տարբերակը, այլ նաեւ Pixel սմարթֆոնների համար թարմացումն ու ծրագրավորողներին վերաբերող գործիքները: