Կինը վտանգավոր ինֆեկցիա է ձեռք բերել տուփերը բացելիս և կարող էր ձեռքից զրկվել (Լուսանկարներ)
Ամերիկյան Հավայի նահանգից 46-ամյա Հիզեր Հարբոթլը վտանգավոր ինֆեկցիա է ձեռք բերել կտրվածքից, որը ստացել էր տեղափոխվելիս տուփերը բացելիս: Նա ինֆեկցիայի պատճառով կարող էր ձեռքից զրկվել:
The Mirror պարբերականը հայտնում է, որ 2017 թվականի դեկտեմբերին Հիզերը նոր տուն է տեղափոխվել եւ իրերով տուփերը բացելիս պատահաբար մատը կտրել է թղթով: Հաջորդ օրը նրա ձեռքը սաստիկ ցավում էր, իսկ ճկույթը բորբոքվել էր եւ ուռչել:
Երբ նա բժշկի է դիմել, նրան հոսպիտալացրել են, քանի որ պարզվել է, որ վարակվել է ստաֆիլոկոկային բակտերիալ ինֆեկցիայով, որի հետեւանքով սեպսիս էր զարգացել: Նրա մոտ ախտորոշել են նեկրոտիկ ֆասցիիտ՝ բակտերիալ ինֆեկցիա, որը հյուսվածքների մեռուկացում է առաջացնում:
Նախապես կանխատեսումները մխիթարական չէին՝ ձեռքի անդամահատումից մինչեւ մահվան ելք: Նրան երկար են բուժել, ձեռքը մշակել ամեն 3 օրը մեկ եւ հեռացրել ախտահարված հյուսվածքները:
Նրան պետք է դնեին մաշկի տրանսպլանտատ, բայց ինֆեկցիան տարածվել էր նախաբազուկ, եւ նրա վիճակը վատթարացել էր: Այդ ժամանակ ստիպված էին Հիզերին ուղղաթիռով տեղափոխել ուրիշ հիվանդանոց, որտեղ նախաբազկի եւ ճկույթի վրա վիրահատություն է կատարվել, վերջինի վրա էլ կտրվածքը եղել էր:
Հիզերը 2018 թվականի հունվարին ենթարկվել է փոխպատվաստման միջամտության. նրա ազդրի մաշկի մի մասը պատվաստել են ձեռքին:
Հիզերը հիմա զբաղվում է աշխատանքային թերապիայով՝ ձեռքի շարժողական ունակությունը վերականգնելու համար: Նա ձգտում է նաեւ մեծացնել նեկրոտիկ ֆասցիիտի մասին հանրության իրազեկվածությունը: