Այստեղ նշվեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա. Հայաստանը ոչ մի տեղ չի գնում. Նիկոլ Փաշինյան
Այստեղ նշվեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա. Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է. մենք շարունակում ենք մնալ մեր տեղում: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, մենք ժողովրդավարական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատերը խոսելով ժողովրդավարության մասին ասում են՝ եվրոպական արժեքներ: Այո, դա եվրոպական արժեք է եւ Հայաստանը նաեւ քաղաքակրթորեն Եվրոպայի մաս է, բայց ես ուզում եմ ասել, որ ժողովրդավարությունը մեզ համար ներմուծված որեւէ բան չի: Ժողովրդավարությունը մեզ համար ազգային արժեք է, այնպես ինչպես գերմանացիների համար, ֆրանսիացիների համար: Բայց աշխարհաքաղաքական առումով մենք չենք պատրաստվում որեւէ տեղ գնալ: Մենք այնտեղ ենք, որտեղ կանք, որն ունի ուժեղ հարաբերություններ Եվրոպայի հետ, Ասիական շատ երկրների հետ, Ռուսաստանի հետ եւ հանդիսանում է ԵՏՄ անդամ»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ. «ԵՏՄ անդամ լինելով ի՞նչ ենք մենք շահում: Հայաստանն ունի առեւտրատնտեսական երկու խոշոր գործընկեր՝ ԵՏՄ-ն է, մյուսը՝ ԵՄ-ն: Բայց երբ նայում ենք առեւտրաշրջանառության տողերը, տեսնում ենք, որ ԵՏՄ տարածք Հայաստանն արտահանում է հիմնականում պատրաստի արտադրանք եւ քիչ հանքահումքային ռեսուրսներ, իսկ ԵՄ տարածք Հայաստանն արտահանում է շատ հանքահումքային ռեսուրսներ եւ քիչ ապրանք: Այս պատկերը պետք է փոխվի: Հայաստանը պետք է ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանի ԵՄ, քան հիմա:
Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ կա նաեւ ստանդարտների խնդիր, բայց նաեւ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նաեւ այդ իմաստը ունի, եւ մենք հույս ունենք, որ այս ուղղությամբ մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ էական զարգացում կապրի»: