ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Սիրիայի խորհրդարանի բանաձեւը
Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան պետության իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ին։
«Երիտթուրքական կառավարության սանձազերծած ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։
Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:
Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման գործում», ասված է ԱԳՆ հայտարարությունում։