Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի հայկական թաղամասը․ The Jewish Press
ԹուրքիաՎերջին ժամանակներս Թուրքիան ակտիվ ջանքեր է նախաձեռնում Երուսաղեմի հայկական թաղամասում ազդեցությունը գրավելու համար։ Այս մասին ասվում է The Jewish Press կայքի բացառիկ հոդվածում։
Ինչպես հայտնի է դարձել հեղինակին, վերջին մի քանի տարիներին թուրք դիվանագետները փորձում են գնել տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը։ Թաղամասի բնակիչներից Իլյա Կախաբաջյանը, որին պատկանում է Հայոց ցեղասպանության մասին հազվագյուտ լուսանկարների եւ փաստաթղթերի թանգարանը, պատմել է, որ թուրք դիվանագետը փորձել է համոզել իրեն դադարեցնել իր գործունեությունը։
Իլյան ընդգծել է, որ դիվանագետն իրեն չի սպառնացել, ինքը խնդրել է նրան հեռանալ։
Հայկական թաղամասում սեփականություն ունեցողները նշում են, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները վերջերս տարբեր կարիքների համար առաջարկել են 3000 դոլարի չափով մի քանի գրանտներ, սակայն նրանց առտաջարկները մերժվել են տեղի բնակիչների կողմից։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ թուրքերը նաեւ փորձում են գնել հայերի սեփականությունը։ Մի քանի ամիս առաջ թաղամասի բնակիչները ապշել են այն նորությունից, որ տներից մեկը իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մահմեդականի։ Պարզվել է, որ գործարքը Թուրքիայից է ֆինանսավորվել։
Երուսաղեմում Թուրքիայի ակտիվության աճը եւ «Մուսուլման եղբայրներ»-ի աջակցությունը մտահոգություն են առաջացնում Իսրայելում։ Վերջերս իր ամենամյա զեկույցում ՑԱԽԱԼ-ի հետախուզական բաժինը առաջին անգամ Թուրքիային սպառնալիք է անվանել։
Այն բանից հետո, երբ մզկիթները ներառվել են տեսարժան վայրերի ցուցակում, քաղաքում մեծացել է թուրք զբոսաշրջիկների թիվը։ Իլյա Կախաբաջյանի խոսքերով՝ Թուրքիայից զբոսաշրջիկները պատռում են Հայոց ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։
Հեղինակը նշում է, որ ո՛չ Իսրայելում Թուրքիայի դեսպանությունը, ո՛չ Համագործակցության եւ համակարգման թուրքական գործակալությունը չեն պատասխանել հոդվածի հրապարակման հետ կապված հարցերին, թեեւ խոստովանել են, որ ստացել են դրանք։