Ամենակարևորը երազանքն է. fashion բլոգեր Shaga-ն` իր բլոգի մասին
«Եթե նախկինում նորաձևությունը թելադրում էին աստղերն ու գլյանց ամսագրերը, ապա հիմա յուրաքանչյուրն իր նորաձևությունն է ստեղծում` առանց ինչ-որ կանոնի, must-have-ի: Բլոգերներն ուղղակի ցույց տվեցին, որ նորաձևության համար բոլորովին պարտադիր չէ ունենալ մոդելային կառուցվածք կամ ինչ-որ բրենդային հագուստ: Մի քիչ երևակայություն, ստեղծագործելու կարողություն, ու կարելի է ամենասովորական հագուստից էլ հետաքրքիր կերպար ստեղծել: Ինձ դուր է գալիս այս ամենի մի մասը լինելը: Բլոգը ազատություն է տալիս` ստեղծագործելու, սեփական hand made հագուստները կամ աքսեսուարները ներկայացնելու: Ես սիրում եմ իմ բլոգը»,-ասում է նա:
Operativ.am-ի թղթակիցը բլոգի միջազգային օրվա առիթով զրուցեց fashion բլոգեր Գայանե Շահինյանի հետ` նույն ինքը Shaga-ի : sha-ga-shaga.blogspot.com-ը գործում է շուրջ մեկ տարի: Բլոգերը նշում է` սխալ կլինի ասել, որ իր բլոգն ինչ-որ մտքեր արտահայտելու հարթակ է: Ավելի շատ լուսանկարներ են, որոնց ավելացնում է իր մտորումները:
Նշենք, որ Գայանեն համագործակցում է տարբեր բրենդային խանութների և անհատների հետ, կատարում օնլայն վաճառք, սակայն նշում է. «Կարծում եմ` ամենակարևորը երազանքն է, ստեղծագործելու ցանկությունը... Համագործակցություններ լինեին թե ոչ կամ իմ օնլայն խանութում վաճառք լիներ թե ոչ, ես շարունակելու էի բլոգ վարել: Չնայած, պետք է նշեմ, որ երբ առաջին անգամ բլոգիցս գումար ստացա, շատ էի ուրախացել: Չեմ հիշում ով է ասել.«Ամենալավ աշխատանքը բարձր վարձատրվող հոբբին է»: Սա իմ երազանքն է ու կամաց-կամաց դեպի դրան եմ գնում: Ընդհանրապես, ես համոզված եմ, որ եթե մարդ ինչ-որ բան ուզում է, անպայման լինում է, միայն թե պետք է շատ ուզել, շատ-շատ»: Նա նաև հավելում է` իր համար ամենակարևորն այն է, որ մարդն իր գործը սիրով անի:
Գայանեն գնահատում է բլոգի ընձեռնված բոլոր հնարավորությունները` հատկապես ազատությունը: Նշենք, որ բլոգերն իր ամենասիրելի մարդկանցից մեկի հետ ծանոթացել է սեփական բլոգի միջոցով:
Գայանեն խոստովանում է` չգիտեր, որ այսօր բլոգերների օրն է, այդ իսկ պատճառով նախօրոք չէր պլանավորել ինչպես նշել օրը. «Հիմա աշխատանքի եմ, իսկ ընդանրապես պատրաստվելու եմ սեպտեմբերի մեկին, քանի որ կրկին ուսանող եմ, ուսումս շարունակելու եմ մագիստրատուրայում. ընդունվել եմ թատերական ինստիտուտ»:
Գայանեն շնորհավորում է բոլոր բլոգերներին. «Ուզում եմ միայն բարի բաների մասին գրեն և, ընդհանրապես, թող որ լրատվությունը լավ լուրերով հագեցած լինի»: