Ո՞վ էր Աշոտիկը, ո՞ւմ հանդիպեց երթուղայինում, ո՞ր հարցերում նրա բախտը չի բերել, ինչո՞ւ էին հենց նրան պատժում դպրոցում. Անի Քոչարի դպրոցական տարիները (ֆոտո)
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Operativ.am-ը պատրաստել է շարք՝ նվիրված հայտնի քաղաքական գործիչների և շոու-բիզնեսի ճանաչվածների սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես դպրոցական տարիներին: Մի խոսքով՝ «Երբ սեպտեմբեր եկավ...»
Անի Քոչար. Դպրոցական տարիներ 1993-2003թթ
1-ին դասարանը' 115 դպրոց,
2-րդից' թիվ 27 դպրոց
Առաջին ուսուցչուհին` ընկեր Ղարիբյան
Առաջին սեպտեմբերի 1-ը. «Ամեն ինչ աղոտ եմ հիշում: Մինչ դպրոց գնալս քույրիկներս ինձ գրելն էին սովորեցրել, թվերը, նախապատրաստել էին դպրոցին և ես շատ ոգևորված գնացել էի, բայց իմ առաջին օրը դպրոցում սթրեսներով լի անցավ և խորը հիասթափությամբ, որովհետև մեր մանկապարտեզում մի տղա կար' Աշոտիկը, նա ինձ էր սիրահարված, և ես այդ տղային տանել չէի կարողանում, ու երբ գնացի դպրոց' շատ ոգևորված, ուրախ, հագած-կապած, մեկ էլ տեսա՝ այդ տղան էլ է այդ դպրոց եկել ու ինձ անընդհատ հետապնդում էր: Երբ քայլում էի, գալիս էր ինչ-որ բաներ էր ասում ու ինձ համար մղձավանջ էր այդ դպրոցում, մինչև տեղափոխվեցի թիվ 27 դպրոց...
Աշոտիկի ճակատագիրը. «Աշոտիկին վերջին անգամ տեսել էի առաջին դասարանում, դրանից հետո ես դպրոցս փոխեցի, նաև մեր բնակության վայրը փոխեցինք, և հետո նրան երկար տարիներ չէի տեսել: Նրան տեսա շատ ավելի ուշ, երբ արդեն համալսարանի ուսանող էի, երթուղային տաքսու մեջ, նա առջևում էր նստած, տպավորիչ դիմագծեր ուներ' բավականին մեծ, հայկական քթով: Ես նրան հիշեցի, բայց թե նա ինձ հիշում էր, չէր հիշում, չեմ կարող ասել: Աշոտին չբարևեցի, ցույց չտվեցի, որ ճանաչել եմ. մի քիչ դաժան եմ տղաների հարցում: Հիմա արդեն Աշոտիկ չէ, Աշոտ է, ճակատագրից տեղյակ չեմ, չգիտեմ ամուսնացել է, չի ամուսնացել, հիմա եթե տեսնեմ, գուցեև չճանաչեմ: Բայց կուզեմ իմանալ, թե ինչ է եղել նրա հետ, որովհետև ես միշտ հետաքրքրվում եմ մարդկանց ճակատագրերով:
Թիվ 27 դպրոցի տարիները. «Առաջին օրն այդ դպրոցում լավ չեմ հիշում, բայց մի բան կասեմ, որ իմ բախտը չի բերել դպրոցի հետ կապված, այն առումով, որ ես միշտ նորեկ եմ եղել' կամ դասարանն էին ցրում, միացնում ուրիշ դասարանի կամ դասատու չէր գալիս, մենք ստիպված ուրիշ դասարանի հետ էինք դաս անում, որովհետև դժվարին տարիներն էին' 90-ականները ու մեր դասատուի տղաներն էլ Արցախյան շարժման մասնակիցներ էին, որդիներից երկուսը մահացան, մեկը ծանր վիրավորվել էր, մի խոսքով' շատ ծանր տարիներ էին, համարյա նորմալ դաս չէինք էլ անում, առաջին դասարանը մենք բազմաթիվ բացթողումներով ենք անցել ու կարելի է ասել իմ առաջին դասարանը 2-րդ դասարանն էր, երբ տեղափոխվեցի թիվ 27 դպրոց և արդեն Արցախյան շարժումն ավարտվել էր: Այդ իմաստով դժվար տարիներ էին, մութ ու ցուրտ տարիներ էին,մոմի լույսի տակ էի դասերս անում, քույրիկներս էին օգնում տառերը գրել, գծերը քաշել: Հիշում եմ, որ երբ ուզում էի գրել, գալիս էին գլխիս վերևը կանգնում էին մամաս կամ քույրիկներս, ձեռքով ծածկում էի, ասում էի.«Մի նայեք, կգրեմ կվերջացնեմ, նոր կգաք կնայեք»: Լինելով լավատես մարդ, առաջին դասարանը միևնույն է տխուր բաներով եմ հիշում, որովհետև գալիս ասում էին ընկեր Ղարիբյանի որդու դին են բերել կամ ընկեր Ղարիբյանի որդին է վիրավորվել: Ընկեր Ղարիբյանը կամ գալիս էր դպրոց կամ չէր գալիս, շատ ծանր վիճակում էր: Մանկական փխրուն հոգու վրա այդ իրադարձությունները շատ ուժեղ տպավորություն էին թողնում: Բայց միշտ էլ ոգևորությամբ եմ դպրոց գնացել, սեպտեմբերի 1-ն ինձ համար միշտ տոն է եղել և հատկապես գրենական պիտույքները, շատ խնամքով դնում էի»:
Լավագույն ուսուցչուհին. «Ինձ համար լավագույն ուսուցչուհին, ումից մեծ դասեր եմ քաղել, եղել է իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին' թիվ 27 դպրոցից, Գայանե Ավետիսյանը, թեև նա հիմա չի աշխատում: Առաջին մարդկացից մեկը, ով նկատել է իմ մեջ լրագրողական ձիրքը, հենց տիկին Գայանեն է եղել: Իմ առաջին շարադրությունները գրելու ժամանակ նա նկատեց ու ասաց. «Անի, դու պետք է քո մեջ զարգացնես այդ լրագրողական աչքը, տեսողությունը, հոտառությունը»: Շատ շնորհակալ եմ նրան, երբեք առիթը բաց չեմ թողնում ասելու, որ գնահատում եմ այն ամենը, ինչ նա ինձ տվել է:
Եվ կառանձնացնեմ մեր դպրոցի նախկին տնօրենին, ով ինձ անձամբ դաս չի տվել, տիկին Բախշյանին. Նա ինձ համար մեծագույն ուսուցիչ է և միշտ օրինակ է եղել, թեև երբեք դասապրոցես չի անցկացրել, բաց նրա հետ անցկացրած ամեն մի հանդիպումը, զրույցը, ինձ համար շատ մեծ դասեր էին: Կյանքի դասեր եմ անցել նրա մոտ և նա պարկեշտության, պայքարող ու համեստ կնոջ շատ մեծ օրինակ է եղել: Որպես ուսուցիչ այս երկուսն են եղել, մնացած բոլորը դաս տվողներ էին, ոչ ավել:
Դասարանցիներ. «Դասարանցիներից ոչ բոլորի հետ եմ հանդիպում, երևի բոլորի մոտ է այդպես, պետք է ասեմ, որ փոխայցելություններ, հեռախոսազանգեր գրեթե չկան, բայց նրանցից մի քանիսի, ում հետ դպրոցական տարիներին էլ է եղել մտերմություն (անգամ նրանցից մի քանիսը Հայաստանից դուրս են ապրում' Ֆրանսիայում, Հունաստանում), իրենց հետ կապը Սկայպի միջոցով է կամ Ֆեյսբուքի, հեռախոսազանգի միջոցով, բայց հանդիպումներ չեն լինում, որովհետև մեր դասարանը մի փոքր անկազմակերպ էր, ու բախտս չի բերել, քանի որ ես լիդեր եմ' կազմակերպչական ջիղը մանկուց ունեմ, դասարանում լավ, վատ ինչ լիներ, ուրեմն Անին էր մեղավոր: Եթե անգամ փախչում էին ու Անին դասի չէր եկել, միևնույն է Անին է կազմակերպել: Ում հետ մտերիմ եմ եղել, կապ կա: Սակայն մի քանի օր առաջ իմ դասարանցիներից մեկը կյանքից հեռացավ' ավտովթարից, ու ինձ համար դա շատ մեծ ցավ էր. Նրա հետ շատ մոտ ենք եղել դպրոցական տարիներին...»:
Մաղթանք 1-ին դասարանցիներին. «Կմաղթեմ, որ գնահատեն այն ժամանակը, որ իրենց տրված է, և այս 12 տարիների ընթացքում իրենց տրված է հնարավորություն կուտակելու առավելագույն գիտելիք, իմացություն, տեղեկատվություն, մաղթում եմ, որ իրենք այդ ժամանակը ճիշտ գնահատեն: Որովհետև այն, ինչ տրված է այսօր, վաղը չի տրվելու, և իրենք ամեն մի ուսումնական տարին ամփոփելիս իրենք իրենց գնահատականը տան, ոչ թե այն գնահատականը, որն իրենց մատյանում է դրվել, կամ կիսամյակ են դրանով փակել: Իրականում, հետագայում՝ ամբողջ կյանքում, իրենք են իրենց իրական գնահատականին արժանանալու:
Նաև կհիշեցնեմ կարևորագույն ասացվածքը' «Գիտելիքը զենք է»: Փողը, զենքը մի օր սպառվում է, բայց գիտելիքը հնարավոր չէ ոչ խլել, ոչ վերցնել: Գուցե հիմա իմ ասածները նրանք չհասկանան, բայց լավ կլինի, որ իրենց ծնողները, եթե կարդան, ճիշտ գնահատեն իմ ասածները և փորձեն օգնել իրենց երեխաներին հասկանալու այն, որ գիտելիքը զենք է, և կյանքում պետք է միայն այդ զենքից օգտվել»:
Ավետ Բարսեղյանի սեպտեմբերի 1-ն՝ այստեղ
Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը