Վլադիմիր Պուտինին ամենաշատը համակրում են երեք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Ամերիկյան Gallup International հասարակական կարծիքի ինստիտուտը հրապարակել է 2019 թվականին համաշխարհային առաջնորդների նկատմամբ 46 երկրներում վերաբերմունքի մասին հարցման արդյունքները:
Ինչպես գրում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Gallup-ի զեկույցին, համաշխարհային ամենահայտնի առաջնորդների հնգյակում են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ (հայտնիության ինդեքսը՝ 89 կետ), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին (84 կետ), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել (77), Հռոմի պապ Ֆրանցիսկոս (76) եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն (73):
Հարցման տվյալների համաձայն՝ Վլադիմիր Պուտինին ամենաշատը համակրում են երեք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
«Ռուս առաջնորդը ամենից շատ երկրպագուներ ունի Ղազախստանում (86%), Սերբիայում (85%) եւ Հայաստանում (80%), նրան նկատմամբ վերաբերմունքն ամենից վատն է Հորդանանում (90%), Ֆինլանդիայում (85%) եւ Հարավային Կորեայում (81%): ԱՄՆ-ում եւ Գերմանիայում Պուտինի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի հարցվածների 70%-ը, Մեծ Բրիտանիայում՝ 75%-ը»,- գրում է պարբերականը:
Ընդհանուր առմամբ, նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունի հարցվածների 36%, Թրամփի նկատմամբ՝ 31%-ը, Մերկելի նկատմամբ՝ 46%-ը եւ Մակրոնի նկատմամբ՝ 40%-ը:
Ամենապոպուլյար համաշխարհային առաջնորդ է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունի հարցվածների 53%-ը: