ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա. Ալեն Սիմոնյան
ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. ես այսօր խոսել եմ Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր, որ ՍԴ դատավորների եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ հանդիպումներ են եղել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վստահ չեմ, որ հաստատվել է»:
Ավելի վաղ ԱԺաշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում տեղադրել էր ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանն իր հարցին եւ գրել. «Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները»:
Հարցին, թե արդյոք իշխանությունը չի աշխատում ՍԴ դատավորների հետ, որպեսզի նրանք հրաժարական տան, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Աշխատելու խնդիր չկա, վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորներին, այդ թվում առանձին-առանձին, մենք մեր գործողություններով ցույց են տվել, թե ինչ ենք անում»: