Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Mercedes-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Հայաաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 2 ավտոմեքենա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Haise» եւ «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով Haise-ն բախվել է ճանապարհին տեղադրված գազախողովակին, իսկ «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետեւ դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 21-ամյա Նարեկ Գ.-ն եւ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ 40-ամյա Նորայր Վ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին:
Փրկարարները Դավիթ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: