Գրողը տանի, քեզ ինձ մոտ բերի. Mari Love-ը պատմում է իր բլոգի մասին
«Դու ինձ միշտ տեսնում էիր իմ ամենաանփույթ հագուստով: Ի՞նչ արած. ամենատաք հագուստը միշտ անփույթ տեսք է ունենում: Շքեղ սրճարանները մեզ համար միայն այն բանի համար էին, որ այնտեղ ճաշող մարդկանց լեզու ցույց տայինք ու ծիծաղելով անցնեինք»: Այս տողերը Mari Love-ի «Մի զույգ ձեռնոց» նովելից են, որը նրա ամենասիրած և ամենաջերմ ստեղծագործությունն է: Հիշեցնենք, որ mariloveblog.blogspot.com-ը գործում է 2010 թվականի ապրիլից:
Այսօր բլոգի միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 2005թվականին: Տոնի օրն ընտրելիս հաշվի է առնվել «31.08»-ի նմանությունը «BLOG» բառին: Operativ.am -ի թղթակիցը այս առիթով զրուցեց հայտնի բլոգեր Mari Love-ի հետ:
Mari Love-ի խոսքով' բլոգային ցանկացած հարթակ բլոգերին ընձեռում է ինքնարտահայտվելու հնարավորություն. «Ինձ համար բլոգը պարզապես իմ գրական ստեղծագործությունները մեկ վայրում հավաքելու հնարավորություն է: Բացի այդ' ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ բլոգը ստեղծագործող մարդկանց համար դարձել է իրենց մտքերն ընթերցողին մաքսիմալ արդյունավետ ներկայացնելու ու պատասխան ռեակցիա ստանալու պարզագույն հարթակ»: Ըստ նրա' ժամանակի ընթացքում եղել են բովանդակային փոփոխություններ. անձնական էսսեներին ավելացել են նովելներ, պատմվածքներ, գրելաոճն է փոխվել, հղկվել, ինչի համար Մարին շնորհակալ է ընթերցողին: Նա բացառապես գրում է սիրո թեմայով. «Անդրադառնում են սիրուն' իր բոլոր դրսևորումներով: Չեմ սահմանափակվում տղամարդ-կին հարաբերություններով, իմ էսսեներում շոշափվում են սիրո գրեթե բոլոր տեսակները»: Մարին նշում է` ստեղծագործությունները նվիրված են եղել իր սիրելի անձնավորությանը. «Հիմա սիրելի չունեմ, ստեղծագործություններս վերաբերում են կյանքիս միակ սիրելիին' դստերս' Կատրինին: Ի դեպ, այսօր եմ իմացել, որ ոչ թե տղա, այլ աղջիկ եմ ունենալու»,-ասում է նա:
«Գրողը տանի ինձ քեզ մոտ բերի». սա բլոգերի ամենասիրած արտահայտությունն է: Մարին իրեն մաքսիմալ անկեղծ է համարում իր բլոգային տիրույթում: Հարցին` արդյոք իր անկեղծությունը չի խանգարում մարդկանց հետ շփվելու հարցում, նա պատասխանում է «Ընդհակառակը' օգնում է, նախ ձևականությունների ետևից ընկնելու անհրաժեշտություն չկա... Մի խոսք կա. «Եթե ցանկանում եք օրիգինալ լինել, միշտ ասացեք ճշմարտությունը»: Ես այդ խոսքերով եմ առաջնորդվում» : Բլոգերը նշում է' իր համար լավագույն գնահատականը եղել է այն, որ մայրը, կարդալով ստեղծագործություններիցս մեկը, արտասվել է:
Հարցին, թե արդյոք այսօր նշելու է բլոգի միջազգային օրը, Մարին պատասխանում է ` ոչ. «ճիշտն ասած` եթե ինձ չասեիք, ես անգամ չէի էլ հիշի, որ այսօր մեր օրն է: Տոնը չեմ նշելու, ես անգամ ծննդյանս օրը չեմ նշում»: Իսկ այն հարցին, թե որն է ծննդյան օրը չնշելու պատճառը, նա պատասխանում է. «Բնավորությամբ, առօրյայի մեջ վայրիվերումներ չեմ սիրում, իսկ ցանկացած տոն մարդուն շեղում է բնականոն ռիթմից»:
Մարին շնորհավորում է բլոգերներին բլոգի միջազգային օրվա առթիվ և մաղթում օրական մեկ միլիոն դիտում: