Լիբանանի նոր կառավարությունը, չնայած շարունակվող ցույցերին, ստացել է խորհրդարանի վստահության քվեն
Լիբանանի նոր կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն՝ չնայած նիստը խափանելու ցուցարարների փորձերին։ Ինչպես հայտնում է Reuters-ը, անվտանգության ուժերի բախումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փորձել են թույլ չտալ պատգամավորներին մտնել խորհրդարան։ Լիբանանյան «Կարմիր խաչը» հայտարարել է, որ 373 մարդ վնասվածքներ է ստացել, իսկ 45-ը հոսպիտալացվել է։
Լիբանանի նոր կառավարությունը հուսով է, որ ֆինանսական օգնության պլանը կարող է օգնել հանել երկիրը խորը ֆինանսական ճգնաժամից։
Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ՝ վարչապետ Հասան Դիաբը իր կառավարության խնդիրը անվանել է «ինքնասպանության առաքելությունը»։ «Մենք պետք է ազնիվ լինենք եւ խոստովանենք, որ կոլապսի ռիսկը, ցավոք, երեւակայական չէ»,- ասել է նա։
Խորհրդարանի խոսնակ Նաբիխ Բերին հայտարարել է, որ Լիբանանը պետք է տեխնիկական օգնությամբ դիմի Արժույթի միջազգային հիմնադրամին, սակայն չպետք է «հանձնվի» նրան, որովհետեւ երկիրը չի կարող կատարել հիմնադրամի պայմանները։
Դիաբի խոսքերով՝ պետության առաջնայնությունը պետք է լինի սահմանափակ պահուստների պահպանումը արտասահմանյան արժույթով՝ այնպիսի ապրանքների համար, ինչպիսին են սննդամթերքը, վառելիքը եւ դեղամիջոցները։