Ջոնսոնը վերադասավորումներ կիրականացնի բրիտանական կառավարությունում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը վերադասավորումներ կիրականացնի կառավարությունում: Այս լուրը երեքշաբթի օրը հաստատել է վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վարչապետը, ինչպես սպասվում է, վերադասավորումների մասին կհայտարարի հինգշաբթի օրը: Նախարարների կաբինետի նոր կազմը նիստ կանցկացնի ուրբաթ օրը»,- հայտարարել է վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Սա սպասված նորություն էր. Ջոնսոնն ավելի վաղ հասկացրել էր, որ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալուց հետո նա փոքր-ինչ փոփոխելու է կառավարության կազմը: Ինչպես սպասվում է, իր պաշտոնը կկորցնի գլխավոր դատախազ Զեֆրի Քոքսը:
Մեծ իրադարձություն կարող է դառնալ երկու նախարարությունների` արտաքին գործերի եւ միջազգային զարգացման, միաձուլումը եւ ներկայիս արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի պաշտոնի բարձրացումը, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի ընդլայնված գերատեսչությունը: Կանցլեր Սաջիդ Զավիդը, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր պաշտոնը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի եւ նրա խորհրդականների հետ տարաձայնությունները վերջերս սրվել են:
Կառավարական պաշտոններ, ինչպես սպասվում է, կստանան Ջոնսոնի որոշ համակիրները, որոնք օգնել են նրան Brexit-ի կյանքի կոչման գործում: