Իրանում հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ զանգվածային երթեր են ընթանում
Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ մասնակցելու իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառումներին եւ երթերին, հաղորդում է IRNA-ն:
Այսօր առավոտյան ժամը 09:00-ից տոնական երթեր են ընթանում: Մարդիկ կարգախոսներ են վանկարկում՝ ի աջակցություն իսլամական հեղափոխության, որը վերջ դրեց երկրում միապետությանը: Ցուցարարները նաեւ հակաամերիկյան եւ հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկում:
Նշենք, որ փետրվարի 1-11-ը Իրանում տոնական միջոցառումներ են ընթանում «Արեւածագի 10 օրը» անվանումով համազգային ակցիաների շրջանակում: 1979 թվականի փետրվարի 1-ին 15-ամյա արտաքսումից հետո հայրենիք վերադարձավ իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Հոմեյնին, եւ վերջապես Բահմանի 22-ին՝ փետրվարի 11-ին, երբ բանակը հայտարարեց իր չեզոքության մասին, հաղթանակեց Իսլամական հեղափոխությունը: