Հերթական անգամ բժիշկների ոչ կոմպետենտությունը 30 ամյա կնոջը զրկել է կյանքից (Լուսանկարներ)
Operativ լրատվական է ահազանգել Կոշ գյուղի բնակիչ Նարեկ Սայաթի Մամիկոնյանը, ով պնդում է, որ բժիշկների անտարբերությունը և անկոմպետենտությունը հանգեցրել են իր տիկնոջ՝ Նունե Գեղամի Ավետիսյանի մահվանը:
Զույգը ունի դուստր` Նարեն՝ 8 տարեկան:
Operativ լրատվականի հետ զրույցում Նարեկը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:
«Դեկտեմբերի 11-ին ես և կինս, ինչպես ամեն առավոտ, ջուր էինք կրում: Բանն այն է, որ մեր գյուղը ջրի խնդիր ուներ, առավոտյան որոշակի ժամերի ջուր էին տալիս, և պետք էր հասցնել ամբողջ օրվա պաշարը հավաքել: Հանկարծ անհասկանալի շարժումով կինս հարվածեց իր գլխին, ինքնազգացողությունը վատացավ: Այդ օրը երկու անգամ Շտապօգնության կանչ է գրանցվել մեր հասցեով: Առաջին անգամ առավոտյան երբ կանչեցինք, նրան տեղափոխեցին Աշտարակ բժշկական կենտրոն, նա անընդհատ ցավեր ուներ, փսխում էր, բայց ոչ Շտապօգնության աշխատակիցներն էին ուշադիր, ոչ առավել ևս հիվանդանոցում: Ասում էին՝ նյարդային բնույթի ցավեր են, ես պնդում էի, որ նրա գլուխը նկարեն, ինձ ասում էին, նյարդաբանը գա, նոր, ավելի ուշ ես իմացա, որ նման սարքավորում Աշտարակ բժշկական կենտրոնը չուներ: Մի խոսքով շատ անփույթ վերաբերմունքից հետո նրան տուն թողեցին»,- պատմում է Նարեկը:
Ըստ տղամարդու` Շտապօգնության մեքենա տեղափոխել են Նունեին ոտքով, թեև շատ դժվարությամբ էր քայլում, Նարեկն ասում էր, որ պատգարակ բերեն, ոտքը ուռած է, բայց նրան տեղափոխել են նստած:
«Մայրս անգամ բղավեց` ով է ինսուլտ խբած մարդուն նստած տեղափոխում, ես մորս հանգստացրի, մենք, որ բժշկությունից չենք հասկանում, հասկացել էին`ինչ է, իրենք, որ բժիշկ են կոչվում, չէին հասկացե՞լ»,- բորբոքվում է տղամարդը:
Ըստ տղամարդու՝ տուն վերադարձից հետո կնոջ վիճակը չի գնացել դեպի լավացում, այդ իրավիճակին տեղյակ է եղել նաև գյուղի բժշկուհին, ով ևս այցելել է նրանց տուն, որոշակի սրսկում արել, նորից երկրորդ անգամ Շտապօգնություն կանչել և խորհուրդ տվել տեղափոխել կնոջը ստացիոնար բուժման: Սակայն երկրորդ բրիգադը իմանալով բոլոր գործողությունները, որոնք արել էր գյուղի բժշկուհին, չի տեղափոխել տիկնոջը հիվանդանոց:
Նարեկը պատմում է, որ նա առավոտյան պայմանավորվել էր Նունեին տանել Թալին՝ նյարդաբանի մոտ, սակայն վաղ առավոտյան ամբողջ գիշեր չքնելուց և տանջվելուց հետո Նունեն մահանում է:
Ըստ Նարեկի` սրսկումները մի քիչ լավացրել էին Նունեի վիճակը, նա ասում խոսում էր, ծիծաղում, բայց չէր կարողանում քնել, ինքը Նարեկը բարկանում էր կնոջ վրա, թե քնի, հանգստացի, առավոտյան լավ կլինես, բայց առավոտյան նրանց բարեկամուհին և Նարեկի դուստրը նկատում են, որ կինը էլ չէր շնչում:
Նարեկի խոսքով՝ ինքը հաղորդում է ներկայացրել՝ բժիշկների անփութության հոդվածով, ընթանում է քննություն:
Նարեկը վրդովվում է, որ փաստացի ոչ ոք չի հասկացել իրական ախտանիշը, այնինչ դատաբժշկական նախնական փորձաքննությամբ՝ մահվան պատճառը եղել է կաթվածը:
«Գիտեմ, որ դրանով կնոջս հետ չեմ բերի, բայց գնալու եմ մինչև վերջ, որովհետև եթե ոչինչ չեն հասկանում բժշկությունից, ինչու են այդ ոլորտում աշխատում ու մարդկանց կյանքերի հետ խաղում»,- ասում է Նարեկը:
Operativ լրատվականը կշարունակի կապի մեջ մնալ ընտանիքի հետ՝ գործի հետագա ընթացքի մասին ներկայացնելու համար: