Ինդոնեզիայում օրանգուտանգը մարդուն փրկել է գետից, որում օձեր էին վխտում
Կապիկի կողմից մարդուն փրկելու սրտառուչ պատմության մասին հայտնել է սիրող լուսանկարիչ Անիք Փրաբհաքարը: Նա նկարահանել է այն պահը, երբ Ինդոնեզիայի Բորնեո կղզում կապիկը մեկնում է ձեռքը մարդուն օձերով վխտացող գետից հանելու համար:
Հնդկաստանի Քերալայից երկրաբան Փրաբհաքարը ընկերների հետ տուրիստական արշավ էր կատարում արգելոցային անտառում, որը կառավարում է Բորնեոյի օրանգուտանգների գոյատեւման ֆոնդը, երբ դարձել է այդ տեսարանի ականատեսը, հայտնում է Associated Press-ը:
Նա տեսել է, թե օձերից ջուրը մաքրող արգելոցի ծառայողը ինչպես է հայտնվել սողուններով շրջապատված: Այդ պահին ջրի մոտ է հայտնվել մի մեծ օրանգուտանգ, որն անմիջապես թաթը մեկնել է մարդուն, որը դժվարությամբ էր շարժվում պղտոր ջրի մեջ: Կապիկը մարդուն հանել է ափ եւ իր գործին գնացել:
Բորնեոյում թունավոր օձերը սպառնալիք են օրանգուտանգների համար, որոնք անտառային հրդեհների, բնակության վայրերի եւ դրանցում որս անելու կորստի պատճառով անհետացման սպառնալիքի տակ են: «Կարելի է ասել, որ օձերը նրանց ամենամեծ թշնամին է»,- ասել է Փրաբհաքարը:
BOS ֆոնդի տվյալներով՝ օրանգուտանգն Ասիայում միակ մեծ կապիկն է եւ հանդիպում է հիմնականում Ինդոնեզիայում՝ Բորնեոյում եւ Սումատրայում, իսկ կապիկների այս տեսակի մնացյալ 10 տոկոսը գտնվում է Մալայզիայում՝ Սաբահում եւ Սարավակայում: Փորձագետների գնահատմամբ՝ վերջին տասնամյակներին Բորնեոյում օրանգուտանգների պոպուլյացիան կրճատվել է ավելի քան 80 տոկոսով: