Ռուսաստանում գնահատում են Հայաստանի դիրքորոշումը միջազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ. դեսպան
Ռուսաստանի և Հայաստանի դիվանագետները ընդհանուր ճակատից են հանդես գալիս բազմաթիվ առանցքային հարցերի շուրջ, ինչը շատ կարևոր է: Այս մասին, այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` հավելելով, որ Ռուսաստանում դա գնահատում են:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ նման համագործակցությունը ձեռնտու է երկու պետություններին: «Նման պատմական ժառանգությամբ և ավանդույթներով մենք, բառիս լավ իմաստով, դատապարտված ենք սերտ փոխգործակցության և գործընկերության` հաշվի առնելով, որ մենք շատ ընդհանուր շահեր ունենք բարդ աշխարհում»,- ասաց նա: Կոպիրկինը հավելեց, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, եւ այդ հարաբերությունների կարգավիճակը բոլորին լավ հայտնի է: «Մենք դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք, իսկ ժողովուրդների հարաբերությունները եղբայրական են: Այս ամենը լիովին արտացոլված է դիվանագիտական հարաբերություններում, որոնք ինտենսիվ բնույթ են կրում` մեր երկրների դիվանագիտական ծառայությունների միջև սերտ գործընկերության տեսքով` նաեւ հաշվի առնելով այն, որ մենք միեւնույն դիվանագիտական դպրոցից ենք»,- նշեց դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Դեսպանը հավելեց, որ այսօրվա իրադարձությունները ուղեկցվել են ծաղիկներ դնելով հայ ականավոր պետական գործիչների գերեզմանների վրա, որոնք նպաստել են Հայաստանի և ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության զարգացմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Ռուսաստանում նշում են դիվանագիտական աշխատողի օրը: Այս առիթով Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության աշխատակիցները, հասարակական գործիչներ: