Քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջեւ. թույլ չէին տալիս քանդել ավտոտնակները (Տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում քաշքշուկ տեղի ունեցող ոստիկանների եւ բնակիչներից մի քանիսի միջեւ: Վերջիններս թույլ չէին տալիս քանդել իրենց ավտոտնակները:
Ոստիկանները հրելով դուրս բերեցին այդ տարածքից բնակիչներին:
Բանն այն է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման նպատակով, այս թաղամասում գտնվող ավտոտնակները շինարարական տեխնիկայով քանդում են:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ավտոտնակի հետ կապված պայմանագիրը ստորագրելիս դրա պայմաններին չի ծանոթացել, իրեն փոխհատուցել են մոտ 3 000 000 դրամ՝ ավտոտնակի համար, մինչդեռ պետք է տրամադրեին նաեւ 600 000 դրամ, քանի որ ավտոտնակը նաեւ որպես արհեստանոց է ծառայել:
«Բացի այդ, ես մի քիչ հեռվում հող ունեմ, հիմա իրենք կարա՞ն 10 հազար դոլարով ինձ համար հող առնեն, տան ինձ: Մի քանի անգամ դիմել եմ փոխհատուցման համար, բայց չեն պատասխանել: Թույլ չեմ տալու՝ քանդեն ավտոտնակը, մինչեւ գումարը չփոխհատուցեն»,-նշեց բնակիչը:
Մեկ այլ բնակիչ էլ մինչ այդ նշել էր, որ իրենց բողոքը ավտոտնակների համար չէ, քանի որ դրանց համար իրենց փոխհատուցում տվել են, իրենք դեմ են այդ հատվածում մայրուղի կառուցելուն. «Մենք ոչ թե դեմ ենք ճանապարհի կառուցմանը, այլ ասում ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհ մնում է միայն մեկը: Այժմ ունենք երեք մուտք, երեք ելք. նախագծով տալիս են չորս մուտք, մեկ ելք: Նույնիսկ ոչ աշխատանքային ժամին հնարավոր չէ այդ մի ելքից դուրս գալ»,-ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը: